ՌԴ-ն նպաստում է տարածաշրջանի ռազմականացմանը


13:10 , 28 հունիս, 2013

                  Քաղաքական  մեկնաբան

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը հայաստանյան հասարակության շրջանում բավականին բացասական ընկալվեց: Խնդիրը ոչ այդքան 1 միլիարդի հասնող սպառազինության ձեռքբերումն էր, որքան վաճառող երկրի հանգամանքը, չնայած նման քանակի զինտեխնիկայի ձեռքբերումն ինքնին տարածաշրջանում բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծում:
Ռազմավարական դաշնակցի կողմից Հայաստանին պատերազմով սպառնացող երկրին սպառազինության վաճառքի փաստը հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտը բաժանել է երկու խմբի. առաջինները կարծում են, որ դա զուտ կոմերցիոն գործարք է և չի կարող խախտել ուժերի հավասարակշռությունը, երկրորդ խմբի ներկայացուցիչները պնդում են, որ ռազմավարական դաշնակցի նման քայլն անթույլատրելի է և հակասում է երկկողմ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններին:
Երկու խմբի կողմից շրջանառվող թեզերի մեջ էլ կարելի է ռացիոնալության հատիկ գտնել, սակայն մեկ բան միանշանակ է՝ սպառազինությունների մրցավազքը մեծ թափ է հավաքում, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Տարածաշրջանի ռազմականացումը մինչ այժմ վերահսկելի պրոցեսները կարող է էսկալացիայի տանել:
Մի քանի խոսք գործարքի մասին. անխոս, ինչ-որ տեղ կարելի է ըմբռնումով մոտենալ այն մոտեցմանը, թե ցանկացած դեպքում Ադրբեջանը նման մեծ գործարքի գնալու էր, և եթե չլիներ ՌԴ-ն, կլիներ Ուկրաինան կամ Իսրայելը: Այս մոտեցումն ընդունելի կարելի է համարել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն Ադրբեջանին վաճառելու է այնպիսի սպառազինություն, որը առնվազն զիջում է Հայաստանի ունեցած տեխնիկային կամ, եթե նախատեսված է առաջիկայում Հայաստանին տրամադրել առավել մոդեռնիզացված զինտեխնիկա:
Առաջին հարցը, որ առաջ է գալիս, հետևյալն է. արդյոք Հայաստանն ունի՞ այնպիսի տեխնիկա, որը կարող է հնարավոր պատերազմի դեպքում դիմագրավել Ադրբեջանին վաճառվող զինտեխնիկային, արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը համոզվա՞ծ է, որ պատերազմ չի լինի:

Գոնե ինձ համար մեկ բան միանշանակ է. Արցախի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ջատագովներին նման ծավալներով սպառազինություն վաճառելու փոխարեն, համանախագահ երկրները պետք է առնվազն հետևեն Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի բոլոր կետերի կատարմանը և պատժամիջոցներ կիրառեն այն երկրների նկատմամբ, որոնք խախտում են պայմանագիրը: