Թուրքիայի ռազմածովային ուժերն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կործանված ՄիԳ-29-ի նոր բեկորներ են հայտնաբերել


21:00 , 16 օգոստոս, 2019

Թուրքիայի ռազմածովային ուժերի մասնագետները Կասպից ծովում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կործանված ՄիԳ-29-ի նոր բեկորներ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներին:

Նշվում է, որ օդաչուի մարմնի և ինքնաթիռի «սև արկղի» որոնումները շարունակվում են եղանակային պայմաններին համապատասխան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական ՄիԳ -29 կործանիչն ընկել է Կասպից ծով: Հայտնի է, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, տեղական ժամանակով 22:00-ին, ուսումնամարզական թռիչքի ժամանակ: Օդանավում եղել է միայն օդաչուն, որի ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ:

Ադրբեջանի ռազմական դատախազությունը վթարի փաստով քրեական գործ է հարուցել: