Հայաստա՞նն է Արցախի ընտրությունների շրջանակը սահմանողը


21:08 , 15 օգոստոս, 2019

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սիվիլնեթի հետ զրույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Արցախում սպասվող ընտրություններին:

Վերստին անդրադառնալով ՀՀ վարչապետի օգոստոսի 5-ի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցված «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ ապա տարբեր առիթներով տարբեր պաշտոնյաների, այս անգամ ԱԽ քարտուղարի մակարդակով հնչեցված «Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է» հակասական մտքերին, ակամայից հարց է ծագում ո՞րն է ի վերջո ՀՀ հայեցակարգը:

Ուշագրավ է Արմեն Գրիգորյանի կողմից հնչեցված այն միտքը, որ կան միֆեր ու եթե Հայաստանում կարծում են որ կարևորը միայն Արցախի անվտանգությունն է, և այնտեղ կոռուպցիային ուշադրություն չեն դարձնում, ապա ըստ Գրիգորյանի արցախցիների մոտ քաղաքական փոփոխության պահանջ և անհրաժեշտություն կա և ՀՀ աջակից է լինելու Արցախի ազատ արդար ընտրությունների անցկացմանը և հստակ շրջանակ է դրված:

Ինչ է ստացվում. Հայաստա՞նն է Արցախի ընտրությունների շրջանակը սահմանողը: Փաստորեն ՀՀ-ն միջամտում է Արցախի ներքին գործերին, այս անգամ ընտրություններին: Իսկ աշխարհում կա՞ այդպիսի նախադեպ, որ մի երկիրը լինի մյուս երկրի ընտրությունների երաշխավորը: Հազիվ թե գտնեք:

Ընկալելի չէր նաև ԱԽ քարտուղարի միտքն առ այն, որ վերջապես Արցախում կլինեն լեգիտիմ ընտրություններ: ՀՀ-ն անվտանգության երաշխավորն է, թե՞ Արցախին չհաշվարկված ու առնվազն ոչ օբյեկտիվ գնահատականներ տվողը: Տպավորություն է, որ իրականության հետ կորցրել ենք սահմանները:

Պետք է հստակ հասկանանք Հայաստանում ռազմավարություն և մարտավարություն է փոխվե՞լ: 
Եթե այո, ապա 
պետք է ողջ պետական համակարգը հարմարեցվի նոր իրողություններին, 
պետք է հուսալ, որ բոլոր մարտահրավերները հաշվարկված են ու եթե կան հնարավորություններ՝ հնարավորինս կշահենք: 
Բայց ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ բոլոր հայտարարությունները բոլոր մակարդակներում արվում է պահի թելադրանքով: