Միացյալ Նահանգներում ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել վեյփ ծխելուց հետո


19:15 , 15 օգոստոս, 2019

Թե կոնկրետ ինչն է վնաս պատճառել քաղաքացիների առողջությանը, այժմ պարզում են փորձագետները, մինչդեռ տուժածներից ոմանք միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Առնվազն 22 մարդ է հայտնվել ԱՄՆ-ի հիվանդանոցներում՝ շնչառական լուրջ խնդիրների պատճառով, որոնք առաջացել են էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու հետևանքով: NBC-ի փոխանցմամբ, նրանցից տասներկուսը հոսպիտալացվել են Վիսկոնսինում, վեցը՝ Իլինոյսում, ևս չորսը՝ Մինեսոտայում. տուժածների մեծամասնությունը երիտասարդներ և դեռահասներ են:

«Բոլոր հիվանդները նշում են, որ նախքան հիվանդանոցում հայտնվելը վեյփ են ծխել, բայց մենք չգիտենք նրանց օգտագործած բոլոր բաղադրիչները»,- ասել է Վիսկոնսինի առողջապահության վարչության ներկայացուցիչ Անդրեա Փալմը:

Որոշ հիվանդներ բացատրել են, որ նրանք վեյփ ծխելիս նիկոտինի և տետրահիդրոկանաբիոլի՝ մարիխուանայի հոգեակտիվ բաղադրիչի, խառնուրդներ են օգտագործել:

Հոսպիտալացված չորս դեռահասների մոտ թոքաբորբի նման շնչառական վարակի նշաններ են հայտնաբերվել: Նրանցից ոմանց վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով տեղափոխվել են վերականդանացման բաժանմունք կամ միացվել են թոքերի արհեստական օդափոխության սարքի: