Սիլվի Վարդան. հայկական ծագում ունեցող երգչուհի, որը Ֆրանսիայի պատմության մեջ առաջին ռոք-կատարողներից էր


21:00 , 15 օգոստոս, 2019

1963 թ. ֆրանսիացի ռեժիսոր Միշել Բուարոնը նկարահանեց «Գտեք կուռքին» երաժշտական կատակերգությունը, որին մասնակցում էին բազմաթիվ էստրադային երգիչներ։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Ժորժ Հարվարենցն էր, ով միաժամանակ Շառլ Ազնավուրի ավելի քան 100 երգերի բառերի հեղինակ էր։

«Գտեք կուռքին»-ում հնչում էր «La plus belle pour aller dancer» («Լավագույնը պարելու համար») երգը, որի բառերը գրել էր Ազնավուրը։ Երգը կատարում էր երիտասարդ ֆրանսիացի երգչուհի Սիլվի Վարդանը, ով աստղ էր դարձել 1960-ականներին։ Նրա անունը ոչ միայն Ֆրանսիայի, այլև եվրոպական այլ երկրների՝ Իսպանիայի, Իտալիայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում էր։ Նա առաջին ֆրանսիացի ռոք-կատարողներից էր։

Սիլվի Վարդանը ծնվել է բուլղարական Իսկրեց գյուղում 1944 թ. օգոստոսի 15-ին։ Նրա հայրը՝ Ժորժ Վարդանը, ծառայություն էր անցնում Բուլղարիայի ֆրանսիական հյուպատոսությունում։ Ժորժ Վարդանը հոր կողմից ուներ հայ-ֆրանսիական արմատներ, իսկ մայրը բուլղարուհի էր։ Ժորժի իրական ազգանունը Վարդանյան էր։ Սիլվիի մայրը՝ Իլոնա Մայերը, հունգարացի էր։

1952 թ., երբ Սիլվին դեռ 8 տարեկան էր, ծնողների և ավագ եղբոր՝ Էդդիի հետ Բուլղարիայից տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ էլ կրճատեց ազգանունը՝ դարձնելով Վարդան։ Նրանք ընտանիքով հաստատվեցին Փարիզում։

Նոր բնակավայրում առաջին տարիները ծանր անցան։ Չնայած բոլոր դժվարություններին՝ ծնողներն իրենց երեխաներին կրթության տվեցին։ Սիլվին, ով լավ չէր տիրապետում ֆրանսերենին, կարողացավ ընդունվել Վիկտոր Հյուգոյի անվան լիցե, այնուհետև՝ աղջիկների համար նախատեսված հեղինակավոր «Էլեն Բուշեի լիցե»։ Նա կարճ ժամանակահատվածում կարողացավ կատարելագործել իր ֆրանսերենը։ Եղբայրը՝ Էդդին, դարձավ պրոֆեսիոնալ փողահար և RCA լեյբլի արտ-տնօրեն։ Էդդին բախտ էր վիճակված քրոջ կյանքւոմ շատ մեծ դեր ունենալ։

1961 թ. կայացավ Սիլվի Վարդանի երաժշտական դեբյուտը։ Էդդին առաջարկեց երգ ձայնագրել ֆրանսիացի ռոքեր Ֆրենկի Ջորդանի հետ։ Թողարկվեց «Panne d’essence» սինգլը, որը, անսպասելիորեն Սիլվիի համար, հիթ դարձավ։ Այնուհետև նա պայմանագիր կնքեց «Decca Records» լեյբլի հետ և սկսեց ձայնագրել իր առաջին ձայնապնակը։

Առաջին ալբոմը՝ «Sylvie»-ն, թողարկվեց 1962 թ.։ Հաջորդ տարի դուրս եկավ «Twiste et Chante» ալբոմը, որը մեծ հաջողություններ ունեցավ։ 1964 թ. Սիլվի Վարդանը փարիզյան «Օլիմպիա» թատրոնի նույն բեմում հանդես եկավ լեգենդար Բիթլզների հետ միասին։ 1965 թ. ԱՄՆ-ում, Արգենտինայում, Գերմանիայում և Ճապոնիայում թողարկվեց Սիլվի Վարդանի անգլալեզու «A gift wrapped from Paris» ալբոմը։

Սիլվի Վարդանի համերգների ընթացքում դահլիճները լի էին լինում։ Համերգներին հաջորդեցին զբոսախաղերը. նա համերգներով այցելեց անգամ Հարավային Ամերիկա և Աֆրիկա։ Ավելի ուշ նրան սկսեցին հրավիրել՝ նկարահանվելու ֆիլմերում։ 1964 թ. Սիլվի Վարդանը Ժան Մարեի հետ միասին խաղաց ռեժիսոր Ռոբեր Թոմի «Կարտոֆիլ» ֆիլմում։ Սակայն նրա կինոդեբյուտը, իրականում, կայացել էր երաժշտական կարիերան սկսելուց դեռ շատ վաղ։ 1952 թ. բուլղարացի ռեժիսոր Դակո Դակովսկին նկարահանեց «Լծի տակ» դրաման, որտեղ ցուցադրում էր բուլղարացի ազգի պայքարը թուրքական լծի դեմ։ Ֆիլմում պատմվում էր նաև ռուս զորքերիկողմից Բուլղարիայի ազատագրման մասին։ Սիլվի Վարդանը ֆիլմում խաղում էր աշակերտուհու դեր։

1965-ին Սիլվի Վարդանը ամուսնացավ ֆրանսիացի ռոք-երաժիշտ Ջոնի Հոլիդեյի հետ։ 1966 թ. նրանք որդի ունեցան, ով հետագայում հայտնի դարձած Դևիդ Հոլիդեյն էր։ Սիլվիի և Ջոնիի առաջին դուետը «J’ai un probleme»-ն էր, որը «ոսկե» կարգավիճակ ստացավ և 1973-ին ձայնագրվեց նաև այլ լեզուներով։ Սակայն կատայալ զույգ թվացող Ջոնին և Սիլվին 1980 թ. ամուսնալուծվեցին։

1983 թ. Սիլվին ամուսնացավ ամերիկացի պրոդյուսեր Թոնի Սքոթիի հետ։ Նրանք որդեգրեցին Դարինա անունով բուլղարացի մի աղջկա։

Սիլվի Վարդանը սինգլներ թողարկեց 1970-ականներին, 1980-ականներին և 1990-ականներին։ Նրա ամենահայտնի երգերից մեկը համարվում է «Nicolas»-ը, որն առաջին անգամ կատարեց 1979 թ.։ 1990-ին երգիչը համերգ ունեցավ հայրենի քաղաքում՝ Սոֆիայում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա թողարկեց ավելի քան 50 ալբոմ, որոնցից վերջինը՝ 2011-ին։ Սիլվին շարունակում է ձայնապնակներ ձայնագրել, նկարահանվել ֆիլմերում, հյուրախաղեր ունենալ։ Բացի այս ամենից՝ Սիլվին զբաղվում է նաև բարեգործությամբ։

1985 թ. Սիլվի Վարդանը դարձավ ֆրանսիական «Արվեստի և գրականության» մրցանակի կրող, իսկ 1887-ին՝ «Վաստակի համար» շքանշան ստացավ։ 1998-ից ի վեր Սիլվի Վարդանը Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի կրող է։