Իրավական հայացք աղմկահարույց վայ-փաթեթին


10:19 , 15 օգոստոս, 2019

Մի քանի օր առաջ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) հրապարակվեց ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այն և քաղաքական, և իրավական առումով լուրջ քննադատության ենթարկվեց ու դեռ շարունակվում է ենթարկվել: Ստորև կփորձի իրավական որոշ նկատառումներ ներկայացնել նաև նվաստս: Կանդրադառնամ ինչպես հակասահմանադրական, օրենքներին հակասող դրույթներին, այնպես էլ օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտումներին: Սա նաև լավ առիթ է՝ վերհիշելու ԱԺ աշխատակազմում աշխատած տարիներս: 
-----------------------------------------------------------------------------------
1. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը:
2. Նախագծի 5-րդ հոդվածում «հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն խնդիրը կա նաև Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-րդ հոդվածի 3-րդ մասում, 13-րդ հոդվածում (այստեղ «հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել), 19-րդ հոդվածում, ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 7-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-7-րդ մասերում, ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում (3-րդ մասում «հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել), ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, 3-րդ հոդվածի 3-րդ մասում, 5-րդ հոդվածի 2-րդ մասում և 6-րդ հոդվածում (6-րդ հոդվածում «հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում:
3. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ մասում անորոշ է, թե դատավորի գրավոր դիմումի հիման վրա Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ինչ ժամկետում է տրամադրելու դատավորի էթիկայի կանոնի խորհրդատվական բնույթի մեկնաբանությունները: 
4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «հետևյալ» բառն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Նույնը վերաբերում է նաև Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասին, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 17-րդ հոդվածին, 21-րդ հոդվածի 4-րդ մասին, 28-րդ հոդվածին, ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 3-րդ հոդվածին, 7-րդ հոդվածի 2-րդ մասին և 9-րդ հոդվածի 2-րդ մասին, ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին, ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասին և 3-րդ հոդվածի 1-ին մասին, ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին և ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:
5. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) ներկայացնել գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր»: Այդ առումով անորոշ է, թե գույքի փոփոխությունը հիմնավորող նյութերի պատշաճ լինելն ինչ չափանիշներով է որոշվելու: Դատավորը, հանդիսանալով գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր ներկայացնելու պարտականության կրող, ի վիճակի չի լինելու դրսևորելու համապատասխան վարքագիծ: Բացի այդ՝ նշված կետում հղում է կատարվում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգին, ինչը նույնպես անորոշ է, քանի որ պարզ չէ, թե ինչ կարգի մասին է խոսքը: Հետևաբար՝ նշված կետը հակասում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասին: Նույնը վերաբերում է նաև ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով խմբագրվող՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին: Միաժամանակ, նշված կետում կիրառվում է «գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ փաստաթղթեր» հասկացությունը, իսկ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետում գործածվում է «գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր» հասկացությունը, ուստի նշված երկու նախագծերի դրույթների միջև նույնպես առկա է հակասություն:
6. Նախագծի 9-րդ հոդվածի և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածների ձևակերպումներից բխում է, որ դատավորները, հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնողներն ընդհանրապես որևէ նվեր չեն կարող ընդունել կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալ, նույնիսկ եթե դա կապված չլինի իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ: Այստեղ անտեսվում է այն հանգամանքը, որ դատավորները, հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնողները սովորական մարդիկ են, և կարող են ընդունել նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալ, եթե դա չի կարող ազդեցություն ունենալ իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման վրա:
7. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև մեկ ներկայացուցիչ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից և երկու ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից: Ընդ որում, Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամներին ներկայացնում են համապատասխանաբար Մարդու իրավունքների պաշտպանը և համապատասխան հասարակական կազմակերպությունները։ Մարդու իրավունքների պաշտպանի և համապատասխան հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվող ներկայացուցիչներին ընդգրկելով նշված հանձնաժողովի կազմում՝ նրանց իրավասություն է վերապահվում դատավորների նկատմամբ հարուցելու կարգապահական վարույթ՝ դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելու դեպքերում, վարքագծի կանոնի խախտման դեպքում տալու մեկնաբանություններ, գնահատելու դատավորի կողմից նվերներ ընդունելու թույլատրելիությունը և այլն, ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված դատարանի անկախության սկզբունքի պահանջներին՝ նկատի ունենալով, որ դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։ Մինչդեռ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վարքագծի կանոնի խախտում հայտնաբերելու դեպքում դատավորը պարտավոր կլինի բացատրութուն ներկայացնել և հաշվետու լինել Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: 
8. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում գործածվում է «դատական համակարգ» եզրույթը: Այն անհրաժեշտ է փոխարինել «դատական իշխանություն» եզրույթով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:
9. Նախագծի 13-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը կարգավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, անդամներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության և վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները»: Հետևաբար, նկատի ունենալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի կարգավորման առարկան՝ անհրաժեշտ է Նախագծի 13-րդ հոդվածով սահմանված լիազորությունը նախատեսել նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածում:
10. Նախագծի 19-րդ հոդվածում անորոշ է, թե ինչ հայտարարագրի մասին է խոսքը: Նույն հոդվածում «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջներին կատարված հղումն անորոշ է և չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:
11. Նախագծի 21-րդ և 22-րդ հոդվածներում, ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ և 5-րդ հոդվածներում խոսք է գնում «կոպիտ անփութությամբ» կատարված խախտումների կամ արարքների մասին, մինչդեռ տեսական գրականության մեջ արտահայտվում է այն միտքը, որ արարքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության) արդյունքում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դա: Այս տեսանկյունից անհասկանալի է, թե անփութության մեղքի ձևի «կոպիտ» կամ «մեղմ» լինելն ինչ չափանիշներով է որոշվելու: Առաջարկվող կարգավորման տեսանկյունից «մեղմ» անփութության դեպքում դատավորը ենթակա չէ պատասխանատվության:
12. Նախագծի 23-րդ հոդվածի «3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր՝ 3-րդ կետ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն խնդիրն առկա է նաև Նախագծի 24-րդ հոդվածում, 26-րդ հոդվածի 1-ին մասում, 27-րդ հոդվածի 2-րդ մասում, 30-րդ, 31-րդ և 33-րդ հոդվածներում, ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում:
Նույն հոդվածի մասերի համարակալումն անհրաժեշտ է կատարել արաբական թվանշաններով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:
Նույն հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «բ» ենթակետում «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
13. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 150-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «դատավճիռը» բառն անհրաժեշտ է փոխարինել «դատական ակտը» բառերով՝ նկատի ունենալով, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններն ընդունում են որոշումներ: Նույն խնդիրն առկա է նաև Նախագծի 32-րդ հոդվածում և ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածում:
14. Նախագծի 28-րդ հոդվածով խմբագրվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասում նշված «Կարգապահական հարցերի հանձնաժողովի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» բառերով (երեք անգամ)՝ նկատի ունենալով Նախագծի 8-րդ հոդվածը: 
15. Նախագծի 28-րդ հոդվածով խմբագրվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն խնդիրն առկա է նաև Նախագծի 28-րդ հոդվածով խմբագրվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 151-րդ հոդվածի 5-րդ մասում, ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում, 1-ին և 4-րդ հոդվածներում (այստեղ հիմք է ընդունվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը), ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում (երրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը) և 2-րդ հոդվածում (երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը):
16. Նախագծի 32-րդ հոդվածում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 160-րդ հոդվածում 10-րդ մաս առկա չէ: Այդ առումով «Օրենքի 160-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Օրենքի 160-րդ հոդվածը լրացնել նոր՝ 10-րդ մասով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
17. Նախագծի 34-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին՝ «Անցումային և եզրափակիչ դրույթներ» բառերը փոխարինելով «Անցումային դրույթներ» բառերով: 
Նույն հոդվածում անհրաժեշտ է նշել հստակ ժամկետներ, քանի որ «նույն օրը» կամ «նույն ժամկետում» հղումներն անորոշ են և հակասում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասին:
18. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում և նույն նախագծի ամբողջ տեքստում կիրառվում է «կոռուպցիոն գործարքներում ներգրավվածություն» հասկացությունը, մինչդեռ անորոշ է նշված հասկացության իրավական բովանդակությունը: Անհրաժեշտ է տալ այդ հասկացության սահմանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը:
19. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 14-24-րդ մասերը, մինչդեռ թեստավորման հետ կապված հարաբերություններ կարգավորվում են նաև նույն օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ և 25-րդ մասերով: Հետևաբար անհրաժեշտ է նշված մասերը նույնպես ուժը կորցրած ճանաչել կամ կատարել համապատասխան փոփոխություններ:
20. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերով, մինչդեռ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումը վերջանում է 18-ով: Այդ առումով «23-րդ, 24-րդ և 25-րդ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «19-րդ, 20-րդ և 21-րդ» բառերով՝ ապահովելու համար հոդվածի մասի կետերի տրամաբանական համարակալումը: Միաժամանակ անհրաժեշտ է լրացվող կետերի համարակալումը նույնպես վերանայել: Նույն հիմնավորմամբ անհրաժեշտ է նույն նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «4-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով, իսկ «4.» թիվը՝ «3.» թվով:
21. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «մասով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մաս» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
22. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով խմբագրվող՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը: 
23. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2.1-ին մասում անորոշ է «իրավիճակային հայտարարագիր» հասկացության իրավական բովանդակությունը և այն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին:
24. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է նշել, որ խոսքը երկրորդ «կազմակերպություններից» բառի մասին է, քանի որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում «կազմակերպություններից» բառը հանդիպում է երկու անգամ:
25. ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներից բխում է նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածից «պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված» բառերը հանելու անհրաժեշտությունը, թեև 6-րդ կետում համապատասխան մոտեցումն արդեն քննադատել եմ:
26. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «ՀՕ-42-Ն» հերթական համարից հետո անհրաժեշտ է լրացնել «սահմանադրական» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը: 
27. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «Սահմանադրական դատարանի դատավորին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Սահմանադրական դատարանի դատավորի» բառերով՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները:
28. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում հղում է կատարվում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին, մինչդեռ 12-րդ հոդվածի 3-րդ մասում 4-րդ կետ չկա: Այդ առումով կատարված հղումն անհրաժեշտ է վերանայել:
29. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածը որպես Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտի՝ ավելացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչը հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր:
30. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենք ի 82-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ որպես կարգապահական տույժի տեսակ սահմանվում է «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» տույժի տեսակ: Նման կարգավորումը հակասում է ինչպես Սահմանադրության 168-րդ հոդվածին, որի 9-րդ և 10-րդ կետերը Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը դիտարկում է որպես տարբեր գործեր, այնպես էլ Սահմանադրության հիման վրա ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ և 83-րդ հոդվածներին, որոնք նախատեսում են այդ գործերի քննության առանձնահատկությունները:
31. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածում «կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «հոդվածով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը:
32. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի վերնագրում «և եզրափակիչ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները: 
33. ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով ամրագրված կարգավորումը, ըստ էության, միջամտություն է դատական իշխանության գործունեությանը, քանի որ դրանով ստեղծվում են նախապայմաններ օրենքի ուժով «ստիպելու» դատավորներին հրաժարական ներկայացնելու: Այն պարունակում է կոռուպցիոն սխեմա՝ չաշխատելու դիմաց աշխատավարձով, սոցիալական երաշխիքներով, հետագայում՝ կենսաթոշակով ապահովելու խոստում՝ հրաժարականի դիմաց: Այս տեսանկյունից խաթարվում է Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը՝ նկատի ունենալով, որ նշված կարգավորումը պարունակում է դատական իշխանության անկախության և նրա գործունեության նկատմամբ ուղղակի միջամտության տարրեր: 
34. ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ` Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ այդ նախագիծը «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին հղում այլևս չի պարունակում: Նույն խնդիրն առկա է նաև ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում:
35. ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 118-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է «112-115-րդ» բառերը փոխարինել «112-115.1-ին» բառերով:
36. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 9-րդ կետն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:
37. ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հետևյալ կերպ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
38. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը: Նույնը վերաբերում է նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «2003 թվականի ապրիլի 18-ի» բառերին:
39. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող Կոռուպցիոն հանցագործությունների ցանկը (Հավելված N 6) նախատեսված հանցակազմերով զգալիորեն զիջում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2017 թվականի հունվարի 19-ի թիվ 3 հրամանով սահմանված ցանկին, որպիսի հանգամանքը մտահոգվելու տեղիք է տալիս: Ի վերջո, դատախազությունն էական դերակատարում ունի պետության քրեական քաղաքականության իրականացման հարցում: