«Ինձ համար աբսուրդ է այն տեսակետը, որ հեռուստատեսությունը պետք է դաստիարակի»․ Գրիգ Գևորգյանը՝ ժամանակակից հումորի, գրաքննության ու այն մասին, թե ինչու են ավելի հաճախ կատակում տղամարդիկ (Photo)


23:29 , 14 օգոստոս, 2019

Tert.am Life-ը գրում է.

Թե ներկայումս ինչպիսին է հայկական հումորը՝ տեսակետները տարբեր են։ Ոմանց համար «չափն անցնում» է, իսկ ոմանց էլ՝ գոհացնում։ Նախորդ տարեվերջին նոր թափով հայկական հումոր ներխուժեցին նաև կանայք ու աղջիկները, չնայած հիմնականում շարունակում են կատակել տղամարդիկ։  

Ներկայումս կատակելու դաշտը լայն է, իսկ հարթակները՝ տարբեր։ Որպես «հումորիստ» հանդես գալու համար երբեմն բավական է միայն հեռախոսի տեսախցիկը՝ մնացածը քո փոխարեն անում է համացանցը։

Ժամանակակից հումորիստների համար հենց դա էլ ստեղծում է բարդություն։ Ըստ երիտասարդ հումորիստ, սցենարիստ, «սթենդ ափ»-եր, Womens club նախագծի մասնակից Գրիգ Գևորգյանի, որքան կատակելու դաշտը մեծանում է, իսկ հումորը դառնում հասանելի՝ այնքան իրենց գործը՝ հանդիսատեսին ու հեռուստադիտողներին ծիծաղեցնելը, դժվարանում է։  

Tert.am Life-ի հետ զրույցում, որպես հայկական ժամանակակից հումորի ներկայացուցիչ, Գրիգը դժվարացավ բնութագրել՝ ինչպիսին է ներկայումս հումորը, սակայն նշեց՝ ժամանակի հետ ծիծաղեցնելն ավելի ու ավելի է բարդանում։

«Համացանցի դարաշրջանում շատ ավելի դժվար է ծիծաղեցնելը։ Ներկայումս հումոր ստեղծելն ավելի բարդ է․ տասը կամ քսան տարի առաջ մարդկանց բավականին հեշտ էր ծիծաղեցնելը։ Հիմա հեռուստադիտողները կարող են ընդամենը րոպեների ընթացքում գտնել և նայել ցանկացած հաղորդում ՝ աշխարհի տարբեր կետերից։ Նախկինում մարդիկ նայում էին միայն այն, ինչը հեռուստատեսությամբ էր ցուցադրվում՝ այսինքն այլընտրանք չկար, համեմատելու դաշտ չկար կամ կար, բայց խիստ նեղ, և դրանից էլ գալիս էր այն, որ մարդիկ մեծ պահանջներ չէին ունենում։ Տասը տարի առաջ մարդիկ շատ փոքր բաների վրա էին ավելի ուժեղ ծիծաղում, իսկ հիմա պահանջարկը շատ ավելին է, և դու էլ որքան հաջողության ես հասնում՝ էլ ավելին են սպասում»,- նշեց Գրիգը։

Ինչ վերաբերում է ներկայումս հեռուստադիտողին մատուցվող հումորին և դրա գրաքննությանը՝ հումորիստն ասաց․ «Տասը տարի առաջ դժգոհում էին քսան տարի առաջ հումոր ստեղծող մարդիկ։ Նրանք դժգոհում էին այն առումով, որ տարիներ առաջ գրաքննություն ասվածն ուրիշ կերպ է եղել։ Հիմա էլ այնպես չէ, որ մարդիկ ինչ ուզում ասում են։ Հաղորդումների անուններ չեմ տա, բայց տարիներ առաջ այդ հաղորդումների համար էին ասում, թե «վայ ինչեր են ցույց տալիս»։ Այսինքն զարգացումն այնպես է ընթանում, որ տասը տարի հետո էլ  նույն բանն են ասելու։ Ես հույս ունեմ, որ թե՛ ես, թե ընկերներս կլինենք այնքան ժամանակակից, որ չենք ասի` մեր ժամանակ ուրիշ էր։ Հումոր ստեղծելը պահանջում է, որ  դու լինես ժամանակին համընթաց։ Իրականում եթե համեմատենք նույն բովանդակության ծրագրերը, ապա Հայաստանում ամեն ինչ անհամեմատ ավելի ֆիլտրված ու մաքուր է ներկայացվում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ