ԱՄՆ-ի լեռներում պլաստիկից անձրևներ են տեղացել


17:15 , 14 օգոստոս, 2019

Պլաստիկի մասնիկներ են հայտնաբերվել ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղացած անձրևաջրերի նմուշներում, այդ թվում, Ժայռոտ լեռներում, երեք հազար մետր բարձրության վրա վերցված նմուշներում:

The Guardian-ի փոխանցմամբ, Երկրաբանական ծառայության աշխատակիցներն արհեստական գնդիկներ և մանրաթելեր են հայտնաբերել հետազոտվող նմուշների 90 %-ում: Փորձագետները նշում են, որ պլաստիկը հանդիպում է մոլորակի նույնիսկ շատ հեռավոր անկյուններում, որտեղ մարդը հազվադեպ է ոտք դնում:

Նրանց խոսքերով, պլաստիկի միկրոմասնիկներն առաջանում են սինթետիկ հագուստի աղբից և մանրաթելերից. դրանք տեղափոխվում են քամիների և տարածվում՝ անձրևների միջոցով, ինչի արդյունքում պլաստիկն աստիճանաբար շրջակա միջավայրի «տարր» է դառնում: