«Այն, ինչ կատարվում է ՍԴ-ում՝ Քոչարյանի գործի հետ կապված ինչ-որ նպատակներով է արվում». Հայկ Ալումյան (Video)


16:33 , 14 օգոստոս, 2019

168.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հունիսի 27-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Պաշտպանական խմբից  Հայկ Ալումյանի խոսքով՝ օրենքը նախատեսում է, որ նման միջնորդություն ստանալուց հետո դատարանն այն անհապաղ պետք է քննի, սակայն խախտելով օրենքը՝ վարույթ իրականացնող մարմինը՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, միջնորդությունը դեռևս չի քննել։

«Այս ամենը հաշվի առնելով՝ մենք արդեն դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ներկայացրել ենք 7-րդ գանգատը, և այդ գանգատի առարկան արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն է։ Բացի այդ, մենք որոշել ենք պարբերաբար Եվրոպական դատարանին տեղեկացնել այն մասին, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը չի քննվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Ալումյանը։

Ըստ նրա՝ Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը չի քննում՝ պատճառաբանելով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այլևս չի կարող քննել այդ միջնորդությունը, քանի որ նրա գործունեությունը կասեցված է, իսկ այլ դատավորի գործը դեռ չեն մակագրել։ Այս բոլոր պատճառաբանությունները, ըստ Հ. Ալումյանի, չեն բխում օրենքից և Եվրոպական կոնվենցիայից, ուստի հույս ունի, որ շուտով Եվրոպական դատարանը կհնչեցնի իր տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մինչև այս ամենը փորձում էին բիրտ ուժով ազատվել ՍԴ մի շարք դատավորներից, հիմա բիրտ ուժին զուգընթաց՝ առաջարկել են կոմպրոմիսային տարբերակ՝ փորձում են ընդունել մի օրենք, որով շահագրգռեն ՍԴ-ի դատավորներին իրենց ժամկետից շուտ լքել պաշտոնը։ Եթե այս ամենն արվեր Քոչարյանի գործի հետ չկապված, այլ ուղղակի ընդհանուր ինչ-որ նպատակների համար, ապա այն կարելի էր քննարկել, բայց այս դեպքում ամեն ինչից ակնհայտ երևում է, որ այդ օրենսդրական նախագիծն ուղղակիորեն նպատակ ունի ՍԴ-ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Քոչարյանի գործով չիրականացնի արդարադատություն»,- շեշտեց Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցներից մեկը, որի վերաբերյալ պաշտպանական խումբը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել, և այս պահին դեռևս պարզ չէ, թե այն ինչ ընթացքի մեջ է։ Այդ հարցազրույցում Գ. Ջհանգիրյանն ասել էր, որ Քոչարյանի գործը ՍԴ-ն չի քննի, կամ, առնվազն, եթե քննի, ապա ոչ այսօրվա դատավորներով։

«Այն, ինչ կատարվում է ՍԴ-ում՝ Քոչարյանի գործի հետ կապված ինչ-որ նպատակներով է արվում»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում