«Հայաստան՝ 2050» գաղափարն անլուրջ ընդունվեց այն պարզ պատճառով, որ չուներ հայեցակարգ, ծրագիր ու ճանապարհային քարտեզ


13:29 , 14 օգոստոս, 2019
Երբ օրերս շրջանառության մեջ դրվեց «Հայաստան՝ 2050» գաղափարը, այն միանգամից դարձավ ծաղրի առարկա, ու մինչ օրս չի դադարում այդպիսին լինելուց, թե այդ ինչպե՞ս պետք է լինենք 5 միլիոն, կամ 15 միլիոն զբոսաշրջիկ ունենանք, իշխանությունները հասկացան, որ կարճաժամկետ ստերը շուտ են բացահայտվում, դրա համար անցել են հեռահար ստերին և այլն։ Մինչդեռ եթե պետական այրը թեկուզ մեկ օրով իր ուսերին է վերցրել մեր ավետյաց երկրի կառավարման բեռը, ապա պարտավոր է դառնալ այնքան լայնախոհ, որ ոչ միայն երեսուն տարվա տեսլական ունենա, այլ՝ երեք հարյուր, երեք հազար, եթե չասենք՝ ավելին։ Բայց դա անլուրջ ընդունվեց այն պարզ պատճառով, որ եթե ներկայացնում ես տեսլական, ուրեմն դրանից պետք է բխի հայեցակարգը, ծրագիրն ու ճանապարհային քարտեզը, հասկանանք, որ քայլ առ քայլ գնում ենք ճիշտ ճանապարհով, որպեսզի մարդկանց մոտ հավատ առաջանա, որ դա իրատեսական է ու տեղ կհասնենք։ Ու եթե երեսուն տարվա ժամկետ ես սահմանում, իսկ այդ ընթացքում ընտրությունների միջոցով իշխանությունը կարող է փոխվել առնվազն 6 անգամ, եթե չբացառենք արտահերթ գործընթացները, կնշանակի տեսլականդ պետք է այնպես հեռահար լինի ու պետականակերտ, քարը քարին պետք է այնպես դնես, որ քեզնից հետո եկող իշխանությունը շարունակի այն, անկախ նրանից՝ սոցիալիստ է, ցենտրիստ, թե լիբերալ։ Մինչդեռ, դժվար է հավատալ, որ մեր ֆուտբոլի հաջողությունների մասին նման կոնկրետ արդյունքեր են նշվում 2050 թվականի համար, իսկ մեկ տարին բավարար չէր, որպեսզի Երևանի փողոցներից աղբը հավաքելու խնդիրը լուծվեր։ Սա էլ այն դեպքը չէ, որ ասենք երեսում տարվա արատները ինչպե՞ս ուղղենք մեկ տարում՝ աղբը կուտակվում է օրական կտրվածքով, բնակչությունն էլ վճարում է այն հավաքելու համար։ Այսինքն․ լինել տասնամյակների հեռահարության ստրատեգ, չլինելով անգամ մեկ օրվա տակտիկական խնդիրներ պլանավորող ու լուծող, այ հենց այստեղ է, որ չեն հավատում այդ ծրագրին ու այն իրականացնողներին։
Ի դեպ, երբ Սերժ Սարգսյանը ժամանակին ազդարարեց «Հայաստան 2040՝ չորս միլիոն բնակչություն» ծրագրի մասին, այնպես չէ, որ այն ժամանակ քննադատողներ չկային։ Բայց այդ հայտարարությունից հետո ստեղծվեցին աշխատանքային խմբեր, հասարակության շրջանում ընթանում էին շահագրգիռ քննարկումներ, որպեսզի ամեն մի ոլորտի պատասխանատու ներկայացներ այն ճանապարհը, որով անցնելու դեպքում կհասնեինք դրան։ Անգամ հեռուստաընկերություններից մեկը այդ անունով հաղորդաշար նախաձեռնեց։ Հրավիրում էին լուրջ մասնագետների, որոնք ոչ թե խանդավառված հավանություն էին տալիս գաղափարին, այլ՝ վերլուծում, հավանական բարդություններն ու ռիսկերը գնահատում, հնարավորությունները վերհանում, որպեսզի նախ իրենք համոզվեին, հետո համոզեին հանրությանը, որ այն հնարավոր է։ Ինչու չէ, նաև լսել թերահավատների փաստարկները, որոնք պակաս օգտակար չեն։ Չէ որ կա մեկ հարց՝ ուզո՞ւմ ենք Հայաստանը 2040-ին լինի չորս միլիոն, կամ 2050-ին՝ 5, անշո՜ւշտ, ուրեմն եկեք նայենք, թե ինչն է խանգարում դրան։ Բայց կա մի նրբություն․ եթե չենք ասում, որ Հայաստանը կլինի 5 միլիոն հիմնականում տիտղոսային ազգի՝ հայի շնորհիվ, գուցե մեզ պե՞տք չի, որ այդքան շատանանք, եթե այնպիսի քաղաքականություն ենք վարելու, որ արտագաղթը շարունակվելու է, իսկ մեզ մոտ բարենպաստ է լինելու հատկապես դրսի մի շարք կասկածելի ծագում ունեցողների համար։ Հարցնենք ինքներս մեզ՝ ուզո՞ւմ ենք Հայաստանի Հանրապետությունը զարգանա, հզորանա, որ համայն հայության հայրենիք գաղափարը միս ու արյուն ստանա, ծնելիությունը աճի, ներգաղթը դառնա շեշտակի, թե՞ ունենանք Հայաստան աշխարհագրական տարածք՝ երկիր-օֆշոր, զուրկ ինքնապահպանման բնազդից ու իմունիտետից, որտեղ եթե Հնդկաստանի մի գյուղի նախկին գյուղապետ նեղացած հավաքի իր գերդաստանին ու բնակություն հաստատի Հայաստանում մենք 5 չէ, 10 միլիոն էլ կդառնանք՝ հայերի տեսակակար կշիռը զգալիորեն նվազած։ Մենք խիստ հանդուրժող ենք օտարների նկատմամբ, բայց դա պետք է լինի մինչև այն կետը, երբ այն չի սկսի վտանգել մեր ազգային ինքնությանն ու անվտանգությանը։ Ջանքեր գործադրենք, որպեսզի արտերկրում բնակվող հայերի որերորդ սերունդը չասիմիլացվի, բայց այնպիսի անտրամաբանական քայլեր անենք, որ ասիմիլացվենք սեփական երկրի ներսո՞ւմ։ Այ սա արդեն ծիծաղելի չէ, և կուզենամ, որ այդ ծրագրի հրապարակման առաջին՝ մակերեսային ու ծաղրական փուլից շուտ դուրս գանք ու մտածենք, թե այս անլուրջ պոպուլիզմը ինչպիսի լուրջ հարված կարող է հասցնել մեր ազգին ու պետությանը։