Կրեմլի խոսնակը հրաժարվում է ներկայիս բողոքի ակցիաները քաղաքական ճգնաժամ որակել


19:41 , 13 օգոստոս, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն առաջին անգամ մեկնաբանել է մայրաքաղաք Մոսկվայի բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են քաղաքային դումայի ընտրություններին գրանցել նաև անկախ թեկնածուներին:

Ըստ Կրեմլի խոսնակի՝ Վլադիմիր Պուտինը դեռևս չի մեկնաբանել բողոքի ակցիաները, քանի որ «Ռուսաստանում ամեն օր տեղի են ունենում հսկայական թվով միջոցառումներ, որոնք նախագահի կողմից ուշադրության արժանի են, և ոչ բոլորի մասին է նա կարծիք հայտնում»:

Պեսկովը հրաժարվել է ներկայիս բողոքի ակցիաները բնութագրել որպես քաղաքական ճգնաժամ: Նրա խոսքով՝ նման ակցիաներ պարբերաբար տեղի են ունենում Եվրոպայում:

Կրեմլում կարծում են, որ Մոսկվայում տեղի ունեցած ցույցերի մի մասը օրինական էին, իսկ մի մասը՝ անկարգություններ կազմակերպելու փորձ: