ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ուժի մեջ մտնելը անմիջականորեն հարվածում է մեր հանրապետության տնտեսական շահերին


13:59 , 13 օգոստոս, 2019
Դեռևս 2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), և ժամանակի ընթացքում տարբեր ապրանքատեսակների համար սահմանված Միության մաքսային դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու նաև Հայաստանում: Արդեն 2020 թվականից Հայաստանում ուժի մեջ են մտնելու ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը, որոնց 
արդյունքում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների մաքսային դրույքաչափերը կբարձրանան միջինում շուրջ 6 անգամ, իսկ համապատասխան ավտոմեքենաների շուկայական գինը միջինում շուրջ 4 անգամ։ Եթե ներկայումս ավտոմեքենաների ներմուծման ժամանակ սահմանին վճարվում է դրա մաքսային արժեքի 32-ից մինչև 52%-ը՝ կախված վերջիններիս արտադրության տարեթվից, ապա ԵԱՏՄ դրույքաչափերի ուժի մեջ մտնելուց հետո սահմանին վճարվող մաքսային վճարները կախված կլինեն ոչ միայն մեքենայի տարիքից, այլև մաքսային արժեքից և շարժիչի աշխատանքային ծավալից։ Արդյունքում ավելի շատ թանկանալու են 5 տարուց ավել թողարկման ժամկետ ունեցող մեքենաները, որոնք էլ ամենամեծ պսհանջարկն ունեն Հայաստանյան շուկայում։ 
ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի սահմանման նպատակը՝ անդամ պետությունների ավտոմեքենաների արտադրության և իրացման խթանումն է, որոնք սակայն գին/որակ հարաբերակցության ցուցանիշով էապես զիջում են նույնիսկ արտասահմանյան հին արտադրության ավտոմեքենաներին։ 
Հայաստանում որտեղ գոյություն չունի ավտոմեքենաների ազգային արտադրություն՝ արտասահմանյան ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի ոլորտում ներգրավված են հազարավոր քաղաքացիներ և բազմաթիվ կազմակերպություններ, որոնք այդ գործունեության ոլորտից ստանում են եկամուտներ և 2020 թվականի հունվարից մաքսային դրույքաչափերի բարձրացման հետևանքով ստիպված են լինելու դադարեցնել ավտոմեքենաների ներկրումն ու վաճառքը՝ դրանց շուկայական գնի անհամաչափ թանկացման պատճառով։ Եթե սրան հավելենք նաև այն, որ սահմանին վճարվող գումարների մեծ մասը չի մտնելու ՀՀ պետական բյուջե, այլ համամասնորեն բաժանվելու է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև և մոտավոր հաշվարկներով Հայաստանին բաժին է հասնելու այդ գումարների ոչ ավել քան 1 տոկոսը, ապա նման պայմաններում նշված դրույթի ուժի մեջ մտնելը անմիջականորեն հարվածում է ինչպես մեր հանրապետության տնտեսական շահերին, այնպես էլ ազգաբնակչության զբաղվածությանը և ֆինանսական դրությանը։ Փաստացի ստացվում է, որ Միության շրջանակում մի պետության շահը կարող է ստորադասվել մյուս պետությունների շահերին, ինչը չի բխում ԵԱՏՄ ձևավորման նպատակից, այն է՝ Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է դրա անդամ-պետությունների ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Ուստի, անհրաժեշտ էր մինչ համապատասխան համաձայնագրի վավերացումը ՀՀ համապատասխան պատկան մարմինների և պաշտոնատար անձանց կողմից հստակ ու մանրակրկիտ ուսումնասիրել դրա բոլոր դրույթները, գնահատել դրանից բխող բոլոր հնարավոր ռիսկերը և վավերացնել այն որոշակի վերապահումով, այն է՝ երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար սահմանված մաքսադրույքները Հայաստանի համար պետք է տարածվեին ոչ թե երրորդ երկրներից ՀՀ ներքին շուկա ներմուծվող ավտոմեքենաների, այլ Հայաստանի սահմանով դեպի ԵԱՏՄ երկրներ այդ ավտոմեքենաների վերաարտահանման(ռեէքսպորտ) վրա։ Այս դրույթով միանշանակ կպաշտպանվեր մեր երկրի ազգային տնտեսական շահերը՝ չհակասելով ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ազգային տնտեսական շահերին։