Ամուսիններն ակվարիումի կորալները մաքրելիս թունավորվել են վտանգավոր տոքսինով


00:30 , 13 օգոստոս, 2019

Քեթի և Մարկ Սթիվենսոնները հազիվ են փրկվել մահից՝ ակվարիումը մաքրելու ժամանակ ստացած թունավորումից: Անգլիական Թելֆորդ քաղաքում բնակվող ընտանիքը թունավորվել է վտանգավոր՝ պալիտոքսին կոչվող տոքսինով: Այս թույնն արտադրում են կորալները՝ պաշտպանական ռեակցիայի ժամանակ, հաղորդում է The Independent-ը:

Ակվարիումը մաքրելու ժամանակ ամուսինների մոտ դող է առաջացել, ինչից հետո սկսել է ցավել կոկորդը: Որոշ ժամանակ անց նրանց մարմնի ջերմաստիճանը հասել է 42-ի: Զույգը շտապօգնություն է կանչել, և նրանց հոսպիտալացրել են, իսկ երեխաներին՝ տեղափոխել կարանտինային գոտի:

Բժիշկների խոսքերով, եթե ընտանիքը ժամանակին չահազանգեր, ապա հաջորդ առավոտ ամուսինները ողջ չէին լինի: Քեթին և Մարկը մեկ շաբաթ մնացել են հիվանդանոցում, իսկ երեխաները դուրս են գրվել հաջորդ օրը, քանի որ վարակված չեն եղել: