Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7րդ փառատոնը (Photo)


17:30 , 12 օգոստոս, 2019
Ծաղկաձորում մեկնարկել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7րդ փառատոնը: Այս տարի փառատոնը համալրել  են արտիստներ 7 երկրներից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Արգենտինայից և Հայաստանից: 



Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը նշում է, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է: «Մեր հանդիսատեսը պարտադիր չէ թատերասեր լինի, սակայն նա հնարավորություն ունի դառնալ թատերասեր, ներկայացումներին ներկա գտնվելով, հենց դա ենք ցանկանում քարոզել», զրույցի ժամանակ հավելեց Ժիրայր Դադասյանը:

Փառատոնին ներկա էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ՝ Արայիկ Հարությունյանը: «Փառատոնի միջոցով տարբեր երկրներ, աշխարհի տարբեր կետերից իրենց ներկայացումներն են բերում, ինչի շնորհիվ նոր մշակույթ է ձևավորվում»:



 Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում է՝ «Ծաղկաձորը հրաշալի վայր է փառատոնի համար, քանի որ մենք խնդիր ունենք ամեն ինչ կենտրոնացնելու Երևանում, և կարծես թե, մեր մնացած բնակավայրերը մնում են հեռու մշակութային իրադարձություններից: Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց ովքեր նախաձեռնել են միջոցառումը և օժանդակում են, առաջին հերթին՝ Ժիրայր Դադասյանին »:




Նշենք նաև, որ Հայաստանից փառատոնին մասնակցում են՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ԵԹԿՊԻ-ի դերասանական բաժնի մնջախաղի կուրսը, «Ֆորմա» թատերախումբը և դերասանուհի Աննա Վարդանյանը:
 Օգոստոսի 13-ին տեղի կունենա ցերեկային ծրագիր Դիլիջանում 15:00-ին, Երեկոյան ծրագիր ծաղկաձորում 20:30, իսկ փակման պաշտոնական արարողությունը՝ օգոստոսի 14-ին՝ Ծաղկաձորում:


Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի, Արմենպրես