ԲԴԽ անդամի թափուր տեղի համար պայքարում է 5 դատավոր


19:04 , 12 օգոստոս, 2019

Օգոստոսի 16-ին կայանալիք Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համար պայքարում է 5 դատավոր։

ԲԴԽ լրատվական ծառայության փոխանցմամբ, այդ թեկնածուներն են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը և Տիգրան Պետրոսյանը։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի օգոստոսի 1-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 4 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ 5 դատավորի անուն», - տեղեկացնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից։

Նկատենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր էր մնացել Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո։