Բայդենը մի շարք վրիպումներից հետո հավատ չի ներշնչում, որ ընտրություններում կարող է հաղթել Թրամփին


21:47 , 12 օգոստոս, 2019

168.am-ը գրում է.

Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Ջոզեֆ Բայդենը վերջին օրերին մի շարք սխալներ ու վրիպումներ է թույլ տվել՝ հարկադրելով խորապես կասկածելու նախընտրական արշավի՝ իր կուսակցության ֆավորիտը լինելու եւ 2020 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփին հաղթելու իր ունակության հարցում: Օգոստոսի 11-ին այս կարծիքն է հայտնել The Wall Street Journal (WSJ) թերթը։ Բայդենն օգոստոսի 10-ին Այովայի նահանգում կայացած համաժողովում հայտարարել է, թե իբր ինքը որպես ԱՄՆ-ի փոխնախագահ հանդիպել է դպրոցականների հետ Փարքլենդի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցում 17 մարդու սպանությունից հետո:

Այդ սպանդը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 14-ին, իսկ դեմոկրատը Բարաք Օբամայի վարչակազմում իր պաշտոնը թողել է 2017 թվականի հունվարին: Բայդենը որպես փոխնախագահ «Սենդի Հուք» դպրոցում (Քոնեքթիկուտի նահանգ) հրաձգության ժամանակ ողջ մնացածների հետ հանդիպել է 2012 թվականին: Օգոստոսի 8-ին Այովայի նահանգում ելույթ ունենալով նախըտրական միջոցառմանը, որը կազմակերպել էին ասիական եւ լատինամերիկյան ծագմամբ դեմոկրատները, Բայդենը հայտարարել է, թե «չունեւոր երեխաները նույնքան խելացի եւ տաղանդավոր են, որքան սպիտակամորթ երեխաները»: Դրանից շատ չանցած ուղղել է իրեն՝ հավաստիացնելով, թե ցանկացել է ասել «հարուստ ընտանիքների երեխաները»:

Նույն նահանգում Բայդենը շփոթել է Էլ Պասո (Տեխասի նահանգ) եւ Դեյթոն (Օհայոյի նահանգ) քաղաքների աշխարհագրական անունները, որտեղ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ հրաձգության հետ կապված երկու ողբերգություն, որոնք հանգեցրեցին 31 մարդու մահվան: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահը տեղի ունեցածն անվանել է «ողբերգական իրադարձություն Հյուսթոնում (Տեխասի նահանգ) եւ «նաեւ Միչիգանում»: «Այդ վերջին վրիպումները հարվածում են նախընտրական արշավի առաջատար Բայդենի կարգավիճակին եւ մի շարք կուսակցական ակտիվիստների հարկադրում նյարդայնանալու եւ կասկածներ ունենալու, թե նա արդյոք այնքան ուժեղ է, որքան 2008 եւ 2012 թվականներին, երբ առաջադրում էր փոխնախագահի իր թեկնածությունը»,- գրում է հրատարակությունը:

Նրա համոզմամբ՝ մի շարք սխալները դեմոկրատներին հարկադրում են հարց բարձրացնելու, թե արդյոք Բայդենը դեմոկրատների թվում նախագահ Թրամփի առավել ահեղ մրցակիցն է: Պետության ղեկավարն օգոստոսի 9-ին Սպիտակ տանը լրագրողներին մեկնաբանել է Բայդենի հերթական վրիպումը՝ հայտարարելով, թե նրա «տախտակը պակաս է», հաղոդրել է ՏԱՍՍ-ը: