Կարող է՞ նոստալջիա է ազգիս մի ստվար հատվածի մոտ. ակնհայտորեն չի հավատում այն ամենին, ինչ ասվում և գրվում է, բայց անընդհատ ուզում է լսել ու ապրել ինտրիգներով


18:06 , 9 օգոստոս, 2019

(Ինտրիգ + սենսացիա) x (բմբուլ + օդ) = կենցաղային քաղաքականություն

90-ականներին մի թերթ կար, կոչվում էր «Սենսացիա»։ Մարդիկ գնում էին այդ թերթը, որպեսզի իմանան, թե այս շաբաթ մոլորակի որ հատվածում ինչ առեղծվածային երևույթ է տեղի ունեցել, այլմոլորակայինները քանի մարդու վրա են գիտական փորձեր արել, որ մոլորակի որ օրգանիզմն է պսակվել երկրաբնակ մե հիանալի անձնավորության հետ, գիշերվա հազարին գաղտագողի բաց պատուհանից տուն մտած հոգիների անհասկանալի խոսքը՝ "I ll be back" ինչ իմաստ ուներ և այլն։

Եվ բոլորովին կարևոր չէր, որ կարդացողների 74, 2%-ը չէր հավատում գրված նյութերին: Մարդիկ հավատալու համար չէին էլ գնում, այլ որ ինտրիգներով և սենսացիաներով լցնեն իրենց կենցաղը, որն այդքան էլ աչքի չէր ընկնում հետաքրքիր ու գունեղ երանգներով, հատկապես որ լույս, ջուր, գազ և այլ անհրաժեշտ բաներ չկային, հացն էլ պատրաստվում էր այլ պետություններում թափելու ենթակա ցորենից։

Հիմա մտածում եմ, կարող է՞ նոստալջիա է ազգիս մի ստվար հատվածի մոտ։ Ակնհայտորեն չի հավատում այն ամենին, ինչ ասվում և գրվում է, բայց անընդհատ ուզում է լսել ու ապրել ինտրիգներով ու սենսացիաներով։ 
Միգուցե ժամանակն է՝ հիշենք մեր այլմոլորակային բականության եղբայրներին  
Նրանց պատմություններն ավելի հետաքրքիր էին։

«Չբռնե՞մ, կատաղեմ» շարքից