Ամենօրյա սովորություններ, որոնք վնասում են մեջքին


23:45 , 7 օգոստոս, 2019

Մեջքի ցավն ամենատարածված ցավային համնախտանիշներից է, որին բախվում են մարդիկ: Որոշ տվյալների համաձայն՝ մարդկանց 80 տոկոսը բախվում է ցավի ողնաշարի տարբեր հատվածներում: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում հնարավոր է խուսափել հիվանդությունների զարգացումից կամ դանդաղեցնել զարգացման ընթացքը:

Շատ փափուկ ներքնակին քնելը: Ճիշտ ընտրված ներքնակը շատ կարևոր է առողջության համար: Այն չպետք է չափազանց կոշտ լինի, հատկապես եթե ընտրվում է մեծահասակների կամ ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: Բայց այն չպետք է նաև չափազանց փափուկ լինի: 2003թ. The Lancet հրատարակությունում հրապարակված հետազոտության համաձայն՝ փափուկ ներքնակի վրա քնելը երկու անգամ մեծացնում է ողնաշարի գոտկային հատվածի հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Հեռախոսով երկար խոսելը: Ամենավատը, ինչ կարող եք անել, հեռախոսը ուսի ու ականջի միջև պահելով խոսելն է: Նույնիսկ եթե հեռախոսը պահել եք ձեռքով, ամենայն հավանականությամբ գլուխը կախում եք և բարձրացնում ուսը: Արդյունքում` ողնաշարի պարանոցային և կրծքային հատվածներում մկանային լարվածություն է առաջանում, ինչը կարող է հանգեցնել ողնաշարի առողջության խանգարման:

Տնային գործեր: Ամաններ, հագուստ լվանալը, արդուկելը, մի շարք տնային գործեր կարող են իսկապես վնասել մեջքին: Կանգնած վիճակում աշխատանք կատարելիս ուղղեք ուսերը, ողնաշարը, մարմնի քաշը մի կենտրոնացրեք մի ոտքի վրա:

Բարձրակրուկներ: Թեև բարձրակրունկ կոշիկների վնասի մասին տեղյակ են բոլորը, շատերը շարունակում են կրել դրանք: Բարձրակրունկները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում մկանների ու հոդերի համար, խանգարում մարմնի բնական դիրքին: Մեջքի համար վտանգավոր են նաև այն կոշիկները, որոնք կրունկի հատվածում ամրակներ չունեն: Դրանցով քայլելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում, և երկար կրելու դեպքում կարող եք «հյուծել» ողնաշարը:

Սխալ սնունդ: Սննակարգը չափազանց կարևոր է մեջքի առողջության համար: «Asian Spine Journal» հրատարակությունում 2014թ. հրապարակված հետազոտության տվյալներով՝ մեջքի ցավից բողոքող ցանկացած երրորդ կին և չորրորդ տղամարդ նաև աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունի: Մեծ քանակով հեշտ յուրացվող ածխաջրեր, շաքար, ինչպես նաև քիչ քանակով լոբազգիներ ու բանջարեղեն օգտագործելը կարող է օրգանիզմում, այդ թվում` մեջքի հատվածում բորբոքային գործընթացների պատճառ դառնալ:

Ծխախոտի օգտագործում: Եթե կարիք ունեք լրացուցիչ փաստարկների ծխախոտի օգտագործումը դադարեցնելու համար, տեղեկացված եղեք, որ ծխախոտի մշտական օգտագործումը վատացնում է ողնաշարի սկավառակներին արյան մատակարարումը, ինչը հանգեցնում է դրանց վաղաժամ ծերացմանը: