Ի՞նչ ենք շնչում


20:22 , 27 հունիս, 2013

Աստված ստեղծել է մարդու բնակության միջավայրը՝ երկիր, օդ, արև, ջուր, բուսականություն: Բնակության միջավայրի կարևորագույն գործոններից մեկը մթնոլորտն է: Ի դեպ, մթնոլորտում թթվածնի առաջացման մասին գիտնականները կարող են միմիայն ենթադրություններ անել, որն էլ վկայում է արարչագործության մասին: Առանց օդի 3-5 րոպեից ավելի հնարավոր չէ ապրել: Մարդու օրգանիզմի կենսագործունեության համար հարկավոր է թթվածին: Այն անհրաժեշտ է մեր օրգանիզմում օքսիդացման պրոցեսների կատարման համար, նաև մասնակցում է կարևորագուն ռեակցիաներին, որոնք անհրաժեշտ են էներգիայի արտադրմանն ու մետաբոլիզմի պահպանմանը: Եթե շունչ չկա, կյանք էլ չկա, և մարդը մեռնում է: Մարդը սկսում է իր կյանքը առաջին անգամ շունչ քաշելով և վերջացնում է այն վերջին անգամ արտաշնչելով: Թե ինչպես է մարդ շնչում առաջին ու վերջին շնչերի ընթացքում, կախված է նրա կյանքի որակը: Մեզանից յուրաքանչյուրը օրական 20 000 անգամ շունչ է քաշում: Չնայած մեր ուղեղը մարմնի քաշի 2%-ն է կազմում, սակայն ստացված թթվածնի 20%-ը գնում է ուղեղին, իսկ պակաս քանակը միանգամից ազդում է ուղեղի վրա՝ բերելով հոգնածություն, ուշադրության նվազում և այլն: Ի՞նչ կարելի է ասել բնակարանային օդի մասին: Մասնագետներն ասում են, որ բնակարանում օդը համարյա բոլոր ցուցանիշերով կարող է տասնյակ անգամ ավելի թունավոր լինել, քան դրսում: Գիտնականները հաստատել են, որ բնական ռադիացիայի ամենավտանգավոր աղբյուրներից մեկը ռադոնն է: Սա անգույն, առանց հոտի, ծանր ու ռադիոակտիվ գազ է: Քանի որ տները կառուցված են քարերից ու բետոնից, կարևոր է իմանալ, որ ռադոնը գտնվում է քարերի ու բետոնի մեջ (շինանյութի մեջ), և որ հիմնական ճառագայթումը մարդը ստանում է՝ գտնվելով փակ, չօդափոխված բնակարանում: Տարբեր երկրներում չափել ու հայտնաբերել են, որ ռադոնը բնակարանում 500 անգամ ավելի է եղել, քան դրսում: Իսկ ռադիացիան քայքայում է մեր բջիջները: Մեր տանը գտնվող պլաստմասաներից, սինթետիկ գորգերից, լաքերից և ներկերից վնասակար նյութեր են գոլորշիանում, որոնք էլ ազդում են մեր առողջության վրա: Դրանք են՝ ֆորմալդեհիդ, ֆենոլ, ստիրոլ և այլն: Այս բոլոր նյութերը, կուտակվելով օդում, առաջացնում են գլխացավ, նյարդային խանգարումներ, քաղցկեղ, ալերգիա և նվազեցնում են ուշադրությունն ու մտքի կենտրոնացումը: Բնակարանում օդը ծանրանում է նաև մարդկանց արտաշնչած նյութերի հաշվին: Սա վատ է անդրադառնում մեր առողջության վրա: Ըստ այդմ էլ` փակ սենյակները դանդաղ, բայց հետևողականորեն թունավորում են օրգանիզմը՝ առաջ բերելով հիվանդություն և կյանքի կարճացում։ Մեր բնակարաններում օդը մաքուր ու թարմ լինելու համար պետք է հաճախ օդափոխել: Լավ է օդափոխել առավոտյան, երբ դեռ մեքենաները շատ չեն, ինչպես նաև անձրևից ու ձյունից հետո: Գիշերը պետք է քնել բաց օդանցքով, նույնիսկ ձմռանը կարելի է մի փոքր բացել օդանցքը, որպեսզի քունը լինի լիարժեք, և այդ ժամանակ դուք առավոտյան վեր կկենաք թարմ վիճակում: Բայց ուշադրություն դարձրեք, որպեսզի սառը օդը անմիջապես ձեզ վրա չփչի: Եվ եթե վախենում եք մրսելուց, ապա գոնե հաճախակի օդափոխեք սենյակի օդը: Ձգտե՛ք միշտ շնչել մաքուր օդ. ձեր մարմինը կզորանա, և ձեր միտքը կպայծառանա։