ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը և Թիջեյ Կոքսը նամակ են հղել USAID-ին` կոչ անելով չկրճատել Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումը


13:45 , 7 օգոստոս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Թիջեյ Կոքսը և Բրեդ Շերմանը դեմոկրատ և հանրապետական գործընկերների կողմից ստորագրված նամակը, որ միտված է Արցախի Հանրապետությունում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակմանը, ուղարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ USAID-ին, հայտնում է Կոքսի պաշտոնական էջը:

Նշվում է` նամակն ուղղված է եղել USAID-ի՝ 2019 թվականի վերջին Արցախի սահմաններում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշման դեմ:

«Խոնարհումն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի  ոչ խոհեմ պահանջի առջև, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախին, վտանգի տակ է դնում ինչպես մարդկանց կյանքը, այնպես էլ խնդրի կարգավորման խաղաղ գործընթացը»,- ավելի վաղ ասել է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ի հավելումն` Թիջեյ Կոքսն շեշտել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պետք է կյանքի կոչի իր հանձնառությունը՝ հավելյալ ֆինանսավորում տրամադրելով «HALO Trust» կազմակերպությանը՝ ավարտին հասցնելու կենսական նշանակություն ունեցող այս նախագիծը, ինչպես ավելի վաղ խոստացել էր ՄԶԳ-ի ղեկավար Մարկ Գրինը:

«Ես շարունակելու եմ աշխատանքն իմ երկկուսակցական գործընկերների հետ Կոնգրեսում, ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբում, ինչպես նաև «HALO Trust»-ում՝ ապահովելու դաշնային ֆինանսավորումը, որը հնարավորություն կտա ունենալ ականազերծ Արցախ»,- մանրամասնել էր Կոքսը:

Yerkir.am-ը ավելի ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամ միացել է  ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը` դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը: