Լարին կրկին արժեզրկվում է


12:03 , 7 օգոստոս, 2019

Միջբանկային արժութային բորսայում տեղի ունեցած առևտրի արդյունքների հիման վրա Վրաստանի Ազգային բանկը օգոստոսի 7-ին լարիի նոր փոխարժեք է սահմանել՝ 1 դոլարի դիմաց 2.9321 լարի: Ըստ այդ տվյալների, մի քանի օր կայունացումից հետո ազգային արժույթը կրկին արժեզրկվել է 0.0375 լարիով:

Վրաստանի Ազգային բանկը խոստանում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ինֆլյացիան կանխելու համար, ասված է Ազգային բանկի կայքում այսօր տարածված հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ազգային բանկը շահագրգռված է լարիի կայուն փոխարժեքով:

«Ազգային բանկը իր գործառույթների կատարման ընթացքում անկախ է քաղաքական կամ այլ ազդեցությունից և գործում է սահմանադրությամբ սահմանված մանդատի շրջանակներում: Գնաճի թիրախավորման ռեժիմի համատեքստում Կենտրոնական բանկի նպատակը փոխարժեքի երկարաժամկետ կայունությունն է, ինչն առաջնահերթ նախապայման է Ազգային բանկի կողմից գների և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ:

Հունիսի 20-ից դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը նվազել է 6.6%-ով: Եթե հունիսի 20-ին Ազգային բանկի կողմից հայտարարված դոլարի նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքը 2.7871 էր, ապա մինչև օգոստոսի 1-ը այն արդեն հասել էր ռեկորդային բարձր՝ 1 դոլարի դիմաց 2.9718 լարի: Դրանից հետո, օգոստոսի 1-ին, Ազգային բանկը աճուրդում վաճառեց ավելի քան 32 միլիոն դոլար, ինչի արդյունքում լարին ամրապնդվեց 1.4%-ով: