Ափիոն՝ սև պղպեղի տուփում. «Հրազդան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ


12:22 , 6 օգոստոս, 2019

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից խմիչք և 0,750 լիտր բժշկական սպիրտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:

Նույն օրը՝ 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի՝ հանձնուքների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ.Հ.-ի համար քաղաքացի Ե.Գ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում հանձնուքից հայտնաբերվել է «Սև պղպեղ աղացած» գրառմամբ տուփ, որի մեջ եղել է 15,7գր սև, յուրահատուկ հոտով, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված:

Իսկ ավելի վաղ՝ 16:00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ կարանտինային մասնաշենքի թիվ 5-6 խցերի ճաղավանդակներից դուրս գտնվող տարածքից հայտնաբերել էին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն 4 բույս:

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: