«Այդ ապրանքը պաղպաղակ կոչվել չի կարող»


17:00 , 27 հունիս, 2013

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն դիմել է վարչապետին՝ խնդրանքով, որպեսզի պատկան մարմիններին պաղպաղակի շուկայի փորձաքննություն իրականացնելու հանձնարարական տրվի: 

«Պաղպաղակի արտադրության մեջ բուսայուղ օգտագործելու իրավունք չունեն: Վարչապետին ընդամենը խնդրել ենք հանձնարարել պատկան ծառայություններին աշխատել»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: 

Հունիսի 16-ին պաղպաղակի շուկայի մասին «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված ռեպորտաժում Սննդի անվտանգության պետական տեսչության տեսուչները լրագրողի հետ իրականացրել էին նմուշառում «Թամարա», «Էլիտ Շանթ», «Բիոկաթ», «Գրանդ Քենդի», «Չանախ», «Արմսվիթ Շանթ» ընկերությունների արտադրած պաղպաղակներից: Այնուհետև կոդավորել էին և տեղափոխել լաբորատորիա: Մինչ լաբորատորիա տեղափոխելը՝ արդեն պարզ էր, որ «Էլիտ Շանթ», «Թամարա», «Անի», «Աշտարակ կաթ», «Չանախ» և «Բիոկաթ» ընկերությունների արտադրած պաղպաղակը չի համապատասխանում մակնշման պահանջներին: 

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բացառությամբ «Բիոկաթ» ընկերության արտադրած պաղպաղակի՝ մնացած բոլոր ընկերություններն արտադրության մեջ օգտագործում են բուսայուղ: Համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի՝ պաղպաղակ կարող է կոչվել հարած, քաղցր, կաթնային կամ կաթնային բաղադրյալ նյութերից պատրաստված մթերքը: Իսկ բուսայուղը կաթնային բաղադրյալ մթերք չէ:

«Ես պաշտոնապես կարող եմ ասել՝ այդ ապրանքը պաղպաղակ կոչվել չի կարող, դա պաղպաղակ չէ, չգիտեմ՝ ինչ է: Չեմ ասում՝ վտանգավոր է, բայց ո՞վ է ասում՝ անվտանգ է: Պատկան մարմինները պետք է ստուգեն, ասեն՝ սա նման է պաղպաղակի, անվտանգ է, կներեք»,- նշեց Սննդի անվտանգության պետական տեսչության նախկին աշխատակից Բաբկեն Պիպոյանը: 

Լրագրողի այն հարցին, թե նշված ժամանակահատվածը արդյոք չի՞ համընկնում տեսչությունից իր դուրս գալու ժամանակահատվածի հետ, և արդյոք նման խնդիրներ չե՞ն եղել տեսչությունում իր աշխատանքային գործունեության ընթացքում, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Եղել են դեպքեր, երբ ես ծառայության գործելակերպի հետ համաձայն չեմ եղել, չեմ տվել հարցազրույց: Ես ազատվել եմ սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 20-ին: Այդ ժամանակ դեռ կաթնամթերքի շուկայի ուսումնասիրության շրջանը չէր»: 

ՀՀ կառավարությունը փորձաքննությունների համար գումար վճարում է պետական ծառայություններին: «Մենք մաքսիմում թանկացման, մակնշման և նմանատիպ խախտումներ կարող ենք արձանագրել»,- ասաց Բաբկեն Պիպոյանը: 

«Առաջին լրատվական»-ը փորձեց Սննդի անվտանգության պետական տեսչությունից պարզել՝ ինչո՞ւ չի անցկացվում փորձաքննություն, և ինչո՞ւ է շուկայում վաճառվում չափանիշներին չհամապատասխանող պաղպաղակ: Տեսչությունից տեղեկացրին, որ իրենք այդ թեմայով հանդես կգան հայտարարությամբ: