ԱՄՆ-ում Էլիզաբեթ Թեյլորի Rolls-Royce-ն աճուրդի է հանվել 2 մլն դոլարով


19:21 , 2 օգոստոս, 2019

Դերասանուհի էլիզաբեթ Թեյլորին (1932-2011 թթ.) պատկանող Rolls-Royce ավտոմեքենան Նյու Յորքում աճուրդի կդրվի օգոստոսի 6-ին: Այդ մասին օգոստոսի 1-ին իր Twitter-ում հայտնել է Guernsey՚s աճուրդների տունը:

«Guernsey՚s-ն այս լեգենդար ավտոմեքենան աճուրդում վաճառելու է օգոստոսի 6-ին՝ ժամը 18:30-ին (Երեւանի ժամանակով՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 02:30-ին): Աճուրդները կանցկացվեն «Պիեռ» հյուրանոցում»,- տեղեկացրել է աճուրդների տունը: Այն լոտը գնահատում է 1-2 մլն դոլար:

Խոսքը վերաբերում է պատվերով պատրաստված Rolls-Royce Silver Cloud II Drophead Coupe-ին՝ ետ ծալովի թափքածածկով, որը դերասանուհու եւ նրա ամուսնու՝ փոփ-երգիչ Էդի Ֆիշերի կողմից ձեռք է բերվել 1960 թվականին: Guernsey՚s-ի նկարագրության համաձայն՝ Թեյլորն այս Rolls-Royce-ից օգտվել է Հռոմում «Կլեոպատրա» (1963 թ.) ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այնտեղ սիրավեպ է սկսվել Թեյլորի եւ դերասան Ռիչարդ Բերթոնի միջեւ: Ինչպես հայտնի է, Ֆիշերը Թեյլորի՝ թվով չորրորդ ամուսինն էր: Բերթոնը 1964 թվականին դարձավ նրա հինգերորդ ամուսինը. դերասանուհուց բաժանվեց 1974 թվականին եւ նրա հետ կրկին ամուսնացավ 1975 թվականին: Հոլիվուդի աստղերի երկրորդ ամուսնությունը երկարատեւ չեղավ եւ տեւեց ընդամենն ինը ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: