Զբոսաշրջիկներից առգրավված 10 տոննա ավազն ու քարերը Սարդինիայի լողափեր են վերադարձվել


18:01 , 1 օգոստոս, 2019

Սարդինիայի լողափեր են վերադարձվել տասը տոննա ծովային ավազն ու քարերը, որոնք զբոսաշրջիկները տարիներ շարունակ փորձել են դուրս տանել տեղի նավահանգիստներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս առումով զբոսաշրջիկներին չեն կանգնեցնում անգամ լուրջ տուգանքները։ Այսպես՝ նրանցից մեկին տուգանել են հազար եվրոյով, քանի որ փորձել է Սարդինիայից որպես հիշատակ մեկ շիշ ավազ տանել։

Տավոլարա հսկվող ծովային գոտու տնօրեն Աուգուստո Նավոնեի խոսքով՝ վերջերս նրանց զանգահարել են Օլբիի օդանավակայանից և առաջարկել տանել զբոսաշրջիկների ճամպրուկներից առգրավված քարերը, խեցիներն ու ավազը։ Խոսքը տարիներ շարունակ օդանավակայանի պահեստում կուտակված 10 տոննա ավազի ու քարերի մասին է։