Facebook-ը «մտքերը կարդալու» տեխնոլոգիա է փորձարկել


17:02 , 1 օգոստոս, 2019

Ամերիկյան Facebook ընկերությունն իրականացրել է տեխնոլոգիայի առաջին փորձարկումները, որի միջոցով մտքերը հնարավոր է վերափոխել տեքստի: Ուսումնասիրությունն իրականացվել է մեկ տարվա ընթացքում՝ էպիլեպսիայով տառապող երեք սուբյեկտների վրա, որոնց ուղեղ էլեկտրոդներ են փոխպատվաստվել:

Facebook Reality Labs լաբորատորիայում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համակարգը կարողացել է վերծանել մարդու մտքերը և դրանք տեքստի վերածել ավելի քան 60% ճշգրտությամբ, ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:

Նեյրոհամակարգչային ինտերֆեյսի օգնությամբ փորձի մասնակիցներին տրվել են տարբեր հարցեր և ընտրության համար մի քանի տարբերակներ առաջարկել:

Համակարգը կարողացել է ֆիքսել մարդու մտքում եղած պատասխանը և ալգորիթմն էկրանին ցուցադրել է փորձի մասնակիցների կողմից ընտրված տարբերակը:

Ապագայում Facebook-ը նախատեսում է կատարելագործել տեխնոլոգիան, որպեսզի ինվազիվ ընթացակարգեր իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Հետազոտության արդյունքները կարող են օգնել սարք ստեղծել այն մարդկանց համար, ովքեր կորցրել են խոսելու կարողությունը: