Զարմանալի է, որ վարչապետն օրերով կենտրոնանում է ինչ-որ ուղղաթիռով գնալու թեմայի վրա, բայց չի կենտրոնանում ներդրումներ բերելու խոստումների շուրջ իրեն ուղղված քննադատությունների վրա


11:20 , 1 օգոստոս, 2019

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր էր տարել մամուլի այն հրապարակումը, թե ինքը ուղղաթիռով է գնացել Տավուշ՝ իր ընկերոջ ծնունդին։ Այ հենց դրանով էր պայմանավորված, որ այդ հրապարակումից հետո նա ժողովրդին ցույց տվեց, որ իբր ինքը հասարակ «Nissan Qashqai» է վարում, «սիմինդ փարթի» է կազմակերպում, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ վարչապետը հասարակ մահկանացուի կյանքով է ապրում։

Այնուամենայնիվ, շատ զարմանալի է, որ վարչապետն օրերով կենտրոնանում է ինչ-որ ուղղաթիռով գնալու թեմայի վրա, որը հանրության համար երկրորդական նշանակություն ունի, բայց չի կենտրոնանում, օրինակ, ներդրումներ բերելու խոստումների շուրջ իրեն ուղղված քննադատությունների վրա։ Փաշինյանը մինչ օրս չի հասկացել, որ ժողովրդին հետաքրքրում է ոչ թե այն, թե ինքը «Nissan Qashqai»-ով զբոսանքի դուրս կգա, ուղղաթիռով, թե տիեզերանավով, այլ այն, թե երբ են դրական փոփոխությունները տեսանելի լինելու երկրում։