Իսրայելը հավանություն է տվել Արևմտյան ափին հրեաների և պաղեստինցիների համար նոր բնակարանների կառուցման նախագծին


14:50 , 31 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Իսրայելը հավանություն է տվել հրեա բնակիչների համար` 6000 և պաղեստինցիների համար 700 նոր տների կառուցման նախագծին Հորդանանի Արևմտյան ափի տարածքում, որտեղ ամբողջական վերահսկողություն է իրականացնում. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի խոսքերը:

Նշվում է, որ «Area C»-ում բնակարանների կառուցման  մասին հայտարարությունը նախորդել է չորեքշաբթի ԱՄՆ դեսպանորդ Ջարեդ Քուշների` Իսրայել սպասվող այցին, որի ժամանակ քննարկվելու է Սպիտակ տան նախագիծը իսրայելա-պաղեստինյան խաղաղության համաձայնագրի վերաբերյալ:

«Area C»-ն կազմում է Արևմտյան ափի մոտ 60 տոկոսը: 1993 թվականի միջանկյալ համաձայնագրերով Իսրայելն ունի անվտանգություն և վարչական վերահսկողություն այն տարածքի վրա, որտեղ կենտրոնացած է Արևմտյան ափի իր բնակավայրերի մեծ մասը:

Պաղեստինցիները ցանկանում են, որ ամբողջ Արևմտյան ափը լինի իրենց ապագա պետության կազմում: Համաշխարհային գերտերությունների մեծ մասն այնտեղ կառուցված հրեական բնակավայրերը համարում է անօրինական, սակայն Միացյալ Նահանգները ակնարկել է, որ կարող է աջակցել Իսրայելին ՝ որոշ բնակավայրեր պահելով ապագա խաղաղության համաձայնագրում: