Լեհաստանի նախագահը դեմ է և՛ կույս մնալուն, և՛ հաճույք ստանալուն...


14:47 , 27 հունիս, 2013

Լեհաստանի նախագահ Կոմարովսկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Լեհաստանը ուրախ է աջակցություն ցուցաբերել «Արևելյան համագործակցություն» ծրագրի անդամ-պետություններին, սակայն պետք է նշել, որ հնարավոր չէ լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ: Պետք է ընտրություն կատարել: Մենք ամբողջությամբ հասկանում և աջակցում ենք Հայաստանի ջանքերին Ռուսաստանի հետ հնարավորինս լավ տնտեսական կապեր հաստատելու գործում: Մենք էլ ենք ձգտում հնարավորինս լավ հարաբերություններ ունենալ այդպիսի լուրջ գործընկերոջ և հարևանի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, բայց մենք միևնույն ժամանակ հստակ գիտենք, թե որ տարածքին ենք պատկանում»:
Իհարկե, դարի հայտնագործությունը չի արել Լեհաստանի առաջնորդը, գործընկերության և տնտեսագիտության մեջ հայտնություններ չի արել, սակայն պարզորեն հասկացրել է կողմնորոշման ճիշտ ուղին... Սերժ Սարգսյանի հակառակորդներն այստեղ կարող են ցնծալ և ծափահարել, ասել, որ Լեհաստանի նախագահը «ֆուկ» է արել ՀՀ նախագահին... Չլինելով նախագահի թիմակիցներից ու համախոհներից, այնուհանդերձ, նշեմ, որ անկախ Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ վարվող դավաճանական և անազնիվ քաղաքականության, ՀՀ նախագահն առավել իրավացի ու ճիշտ է՝ շուկաների հարցում: Հայաստանը չի կարող զրկվել Ռուսաստանի հետ գործընկերությունից` հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ գործոններ: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն այսօր ապահովում է Հայաստանի կենսագործունեությունը: Բացարձակապես հրաժարվել Ռուսաստանից՝ կնշանակի գնալ գիտակցված կործանման: Լեհաստանի նախագահը կարող է իրեն շռայլություն թույլ տալ և նման հայտարարություն անել, սակայն առավել ճի՞շտ չէր լինի, եթե ԵՄ անդամ երկրի նախագահը բողոքի ձայն բարձրացներ, հնչեցներ այն անհանգստությունը, որ ԵԽ անդամ երկու երկիր շրջափակել են Հայաստանը, զրկել կարևորագույն կենսուղիներից: Այս մասին «առաջավոր Եվրոպայի» ներկայացուցիչները չեն խոսում, չեն կամենում օբյեկտիվ և ազնիվ լինել՝ «չզայրացնելու» համար հատկապես Ադրբեջանին, որի հետ սերտ հարաբերություններ ունի Լեհաստանը: Ուրեմն, ցանկացած հայտարարություն, ով էլ լինի հեղինակը, պիտի ողջամտության սահմաններից չանցնի...
Սակայն Հայաստանում էլ պետք է վերջապես հասկանան, որ «ավագ եղբոր» բարդույթի առջև ծնրադնելն արդեն անընդունելի է, Հայաստանը պետք է ուժ գտնի և Ռուսաստանի հետ իր հարաբերությունները ձևավորի հավասարության սկզբունքներով: Ի վերջո, Ռուսաստանը տակավին մի քանի միլիարդ դոլար է պարտք Հայաստանին՝ աղետի գոտու ֆինանսական միջոցները յուրացնելու, ԽՍՀՄ փլուզումից հետո միութենական ունեցվածքը միանձնյա տիրապետելու, այլ «բաների» համար: Ժամանակն է, որպեսզի ոչ թե ծունկ չոքենք, այլ «դու»-ով խոսենք դավաճանությունն իբրև պետական քաղաքականություն հռչակած Ռուսաստանի հետ...
Հայկական ժողովրդական առածն ասում է. «Ջորու դնչին մինչև չեն խփում, չի խոստովանում, որ էշի ցեղից է»...