Դերասանուհի Քելի ՄաքԳիլիսին չեն հրավիրել նկարահանվելու «Լավագույն հրաձիգը-2» ֆիլմում


17:06 , 30 հուլիս, 2019

Ամերիկացի դերասանուհի Քելի ՄաքԳիլիսը Շառլոտ Բլեքվուդի դերը չի խաղալու «Լավագույն հրաձիգը» ֆիլմի (1986 թ.) շարունակության մեջ: Այդ մասին 62-ամյա ՄաքԳիլիսն անցած կիրակի օրը հայտնել է CBS հեռուստաընկերության Entertainment Tonight հաղորդման ժամանակ:

Դերասանուհին խոստովանել է, որ դեռևս չի դիտել «Լավագույն հրաձիգը-2» նոր կինոնկարի թրեյլերը և, ի տարբերություն Թոմ Քրուզի և Վել Քիլմերի, ֆիլմում խաղալու առաջարկություն չի ստացել:

«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես պատասխանել այդ հարցին: Դա տեղի չունեցավ»,- հայտարարել է նա: Նա խոստովանել է, որ արդեն մի որոշ ժամանակ է՝ չի շփվում «Լավագույն հրաձիգը» ֆիլմի իր գործընկերների հետ: «Նրանցից մի քանիսի հետ ես դեպքից դեպք եմ շփվում: Անկեղծ ասած՝ կինոնկարների նկարահանումների աշխատանքը բավականին տարօրինակ բան է, որովհետեւ դրանց ընթացքում բազմաթիվ մարդիկ են հավաքում ամբողջ աշխարհից»,- պարզաբանել է դերասանուհին: Նա պատմել է, որ երկու զավակների ծնվելուց հետո հեռացել է կինեմատոգրաֆից և բնակություն է հաստատել Հյուսիսային Կառոլինայում:

«Ինձ դուր է գալիս դերեր կատարելը, ինձ դուր է գալիս իմ զբաղմունքը, բայց… Ինձ համար այլ մարդկանց հետ հարաբերություններն անհամեմատ ավելի կարևոր են դարձել փառքից»,- նշել է ՄաքԳիլիսը: «Լավագույն հրաձիգը-2»-ի պրեմիերան նշանակված է 2020 թվականի հունիսի 26-ին: Օրիգինալ ֆիլմում, բացի Քրուզից, ՄաքԳիլիսից և Քիլմերից, նկարարանվել են Էնթոնի Էդվարդսը, Թոմ Սքերիթը, Մայքլ Այրոնսայդը, Ջոն Սթոքուելը և ուրիշներ: 15 մլն դոլար բյուջեով կինոնկարը համաշխարհային վարձույթում հավաքել է 356.8 մլն դոլար: 1987 թվականին «Լավագույն հրաձիգն» «Օսկարի» է անվանակարգվել չորս կատեգորիայում՝ պատվավոր մրցանակ նվաճելով լավագույն երգի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: