16:00 , 30 հուլիս, 2019Hraparak.am-ը գրում է.
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը պարբերաբար հանդես է գալիս հայեցակարգային ելույթներով այն մասին թե ինչպիսին պետք է լինի մեր տնտեսությունը և ինչով պետք է ապրի Հայաստանի քաղաքացին, որոնք են «լավ» ու «վատ» ներդրումները: Նա առավել հաճախ է հանդես գալիս կանաչ տնտեսության ջատագովմամբ: Քանի որ Վարազդատ Կառապետյանը նաև համարվում է Հայաստանի ներկա իշխանության տնտեսական գաղափարախոսներից մեկը, հատկապես կարևոր է հանրությանը իրազեկել, թե անձամբ իր ընտանիքի տնտեսությունը ինչ գաղափարախոսության վրա է խարսխել Վարազդատ Կարապետյանը և որն է անձամբ իր պատկերացումը «լավ» ու «վատ» տնտեսության մասին:
Պարզվում է, Վարազդատ Կարապետյանի ընտանիքին է պատկանում Սևանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Չկալովկա համայնքի մոտակայքում կառուցված Ծովածոց հյուրատունն ու ռեստորանը: Ըստ ռեստորանի աշխատակիցների՝ ռեստորանային բիզնեսը ընդլայնվել է վերջին մեկ տարվա ընթացքում: Սա հատկապես հետաքրքիր է մի քանի համատեքստում: Նախ՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը անդրադառնալով Սևանի կանաչման խնդրին բազմիցս խոսել է այն մասին, որ առափնյա «օբյեկտները» չունեն մաքրման կայան ու կոյուղաջրերը թափում են Սևան:
Բացի այդ՝ խնդիրը առաջացել է նաև անկառավարելի ձկնորսության հետևանքով: Փաստորեն կանաչ տնտեսություն քարոզող Վարազդատ Կարապետյանն իր անձնական-ընտանեկան բիզնեսով նպաստում է Սևանի կանաչմանը, հավանաբար «կանաչ» տնտեսությունը հասկանալով բառացի: Հենց այսօր «Ծովածոց» ռեստորանում կարելի է թարմ սիգ ճաշակել:
Երկրորդ՝ Վարազդատ Կարապետյանը հաճախ է խոսում հանքարդյունաբերության ու օտարերկրյա ներդրումների դեմ: Այսպես, մի հարցազրույցում անդրադառնալով նման ներդրումներից մեկին Վարազդատ Կարապետյանը ասել էր բառացիորեն հետևյալը՝ «Դրսից եկող ներդրման նպատակը շահույթ ստանալն է: իսկ մենք ուզում ենք երկիր, որտեղ մարդիկ երջանիկ են»: Ըստ այդմ կարելի՞ է ենթադրել, որ Ծովածոց ռեստորանը Վարազատ Կարապետյանի ընտանիքը աշխատացնում է բարեգործական հիմունքներով և դրա նպատակը ոչ թե շահույթն է, այլ մարդկանց երջանկացնելը:
Իսկ եթե լուրջ՝ կարելի է վերամբարձ ճառեր ասել տնտեսական զարգացման կոնցեպտների մասին, բայց երբ իշխանական քաղաքական թիմի գլխավոր տնտեսագետ Վարազդատ Կարապետյանը այդքան հեշտ ու հանգիստ «գրողի ծոցն» է ուղարկում մի քանի հարյուր միլիոնանոց օտարերկրյա ներդրումները, արժե տեսնել, թե որն է անձամբ իր պատկերացումը տնտեսության զարգացման ուղիների մասին:
Փաստորեն առաջադեմ բիզնեսը «Սևանի ափին լավ ձուկ տալն է»: Ու ըստ Վարազդատ Կարապետյանի տեսության Սևանի ռեստորանում մատուցողի աշխատատեղի ստեղծումը «երջանկացնում է», իսկ, օրինակ, էքսկավատորի վարորդինը կամ մետալուրգինը՝ ոչ: Սա է, հավանաբար, տնտեսական հեղափոխության մասին պատկերացումը: Քանի որ օտարերկրյա ներդրումները գնալով նվազում են, և դա գործող թիմին չի անհանգստացնում, ոմանց, նույնիսկ ոգևորում է, առաջարկվող «հեղափոխական» տնտեսության հիմքը Սևանի ափին ռեստորան բացելն է:



