«Սանիթեքը» և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, իսկ Փաշինյանը մի կողմ է քաշվել. Խաժակյանը՝ «Սանիթեք»-ի շուրջ խնդիրների մասին


14:00 , 30 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում Թբիլիսիում, որին մասնակցելու են  «Սանիթեք»-ի սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը:

Ըստ ընկերության լրատվական ծառայության՝ ընկերության ղեկավարները կամփոփեն 2014-ից  «Սանիթեք»-ի գործունեությունը Հայաստանում, կանդրադառնան քաղաքային նախորդ և ներկայիս իշխանությունների հետ հարաբերություններին, կպատասխանեն ընկերությանն ուղղված մեղադրանքներին, ինչպես նաև կխոսեն հետագա համագործակցության մասին:

Ընկերությունը հայտարարել է, որ կհոգա լրագրողներին Երևանից Թբիլիսի տեղափոխելու և հետդարձի  ծախսերը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը «Սանիթեք»-ի շուրջ զարգացումների առնչությամբ կառավարության շենքի առջև հրատապ ասուլիս էր  հրավիրել: 

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ «Սանիթեք»-ից Երևանում կոնկրետ քայլերի էին սպասում, այլ ոչ թե` մեկնաբանությունների, ուստի այս քայլը կարող է վնասել և՛ Երևանին, և՛ մեր պետությանը, հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները: «Խոսքը մի կազմակերպության մասին է, որը օտարերկրյա ներդրող է, որի կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելն ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա, և հենց այստեղ է, որ պիտի կոչ անեմ «Սանիթեք»-ի համասեփականատիրոջը, ղեկավարությանը` զերծ մնալ այդ քայլից, որովհետև դրանով վատ նախադեպ է լինելու ոչ միայն մասնավոր կազմակերպություն-համայնք կամ պետություն համագործակցության և քննարկումների հարցում, այլև մյուս ներդրողների: Պատկերացրեք, որ մի շարք միջազգային այլ ներդրողներ ևս մեզ հրավիրեն այլ պետություններում ասուլիսների և Երևանին կամ ՀՀ-ին վերաբերող հարցերը քննարկեն այնտեղ: Կարծում ենք՝ այդ ասուլիսն այնտեղ չպետք է տեղի ունենա»,- հայտարարեց Խաժակյանը:

Նա վստահեցրեց՝ «Սանիթեք»-ն իր խնդիրները Երևանում բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել: «Ավելին` մենք՝ Երևանի ավագանու անդամներս, բազմիցս խոսել ենք «Սանիթեք»-ին վերաբերող խնդիրների մասին այն տեսանկյունից, որ քաղաքապետարանը ևս քայլեր ունի իրականացնելու՝ լուծելու համար ընկերության մոտ առաջացած խնդիրները: Սա նշանակում է՝ «Սանիթեք»-ի համար սպառված չէ մեր պետության մեջ, մեր քաղաքում այդ խնդիրների լուսաբանումը»,- պնդեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը: 

Ըստ Խաժակյանի՝ այս 10 ամիսները ցույց տվեցին, որ Երևանի քաղաքապետը չի կարողանում իր գործառույթներն իրականացնել և միայն մեկ կոչ ունի՝ սպասեք, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմ է քաշվել, մինչդեռ այստեղ քաղաքական պատասխանատվության հարց կա, և ունենք մի վիճակ, որ «Սանիթեք»-ը և քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, ու կողմերից ոչ մեկը քայլ չի անում խնդիրը լուծելու համար:

«2018-ի ամռանից հետո «Սանիթեք»-ը ձեռք բերեց մի քանի աղբատար մեքենաներ, որոնք ակնհայտ էր, որ չէին բավարարելու: Ըստ էության, ներդրումները Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում կանգնեցին, որի պատասխանը պիտի տան և՛ Հայկ Մարությանը, և՛ «Սանիթեք»-ը»,- պնդեց նա:

Ինչ վերաբերում է «Սանիթեք»-ի հետ պայմանագրի խզմանը, Խաժակյանը նշեց՝ քաղաքապետարանը դա կարող է անել: «Բայց մի բան պարզ է՝ քաղաքապետարանում այդ պայմանագրի հիմնադրույթներին չեն տիրապետում, ինչի վկայությունն այն է, որ Հայկ Մարությանը հայտարարեց՝ կամ «Սանիթեք»-ը պիտի հրաժարվի սանմաքրում իրականացնելու պարտավորությունից, կամ լինեն տույժեր և տուգանքներ: Մինչդեռ պայմանագիրը պետք է լուծվեր ամբողջությամբ,  չէր կարող նրանից մեկ բաղադրիչ հանվել, դա կհակասեր գնումների օրենսդրությանը: Մեր առաջարկը եղել է՝ քննարկել «Սանիթեք»-ի հետ և ամբողջ քաղաքի ռեսուրսը տեղափոխել մի կեսի վրա, իսկ մյուսում սպասարկումն իրականացնի այլ օպերատոր՝ լինի մասնավոր, թե` համայնքային: Այսօր այս «փոխհրաձգության» պայմաններում տեսնում ենք, որ կազմակերպությունը հակված չէ որևէ քննարկման»,- շեշտեց Խաժակյանը:

Պատեհ առիթն օգտագործելով` նա հարկ համարեց ընդգծել՝ Երևանում հեկտարներով կանաչապատ տարածքները մնացել են անմշակ, անխնամ, այրվել են գրեթե ամբողջությամբ, նաև հիշեցրեց, որ ժամանակին դեմ են եղել կես միլիարդ դրամով կանաչապատման բյուջեն կրճատելուն: