Լուսնի վրա հայտնաբերել են ջրի հսկայական պաշարներ


22:45 , 30 հուլիս, 2019

Լուսնի վրա մոտավորապես հարյուր անգամ ավելի շատ ջուր կա, քան ենթադրվում էր նախկինում։ Նման եզրահանգման եկել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։

Ըստ մասնագետների կարծիքի՝ Լուսնի խառնարանում հսկայական սառցաշերտեր կան, որոնք մշտապես ստվերում են գտնվում։ Այնտեղ ջերմաստիճանը իջնում է մինչև -200 աստիճան Ցելսիուս։ Աստղագետները վաղուց եկել են եզրահանգման, որ Լուսնի վրա ջուր կա։ Սակայն ջրի ծավալների մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալ դեռևս չի հաջողվում։ Լուսնի վրա ջուր փնտրելն ու դրա ծավալները գնահատելը LRO զոնդի գլխավոր առաջադրանքն է, որն այժմ ուսումնասիրում է Մերկուրի մոլորակի մակերևույթը։ Ըստ մասնագետների՝ Մերկուրին ու Երկրի արբանյակը՝ Լուսինը, ջերմային նման պայմաններ ունեն։ Երկու երկնային մարմիններն էլ ունեն ստվերային խառնարաններ, որոնք լցված են ինչ-որ նյութով։ Ի դեպ, Մերկուրիում այդ նյութը մասնակիորեն կազմված է սառույցից։

Հաստատելու համար այն տեսակետը, որ Լուսնի վրա ևս ստվերում գտնվող ու սառած ջուր կա, գիտնականներն ուսումնասիրել են Մերկուրիի 2000 խառնարան և Լուսնի 12,000 անալոգային խառնարան։ Արդյունքում պարզ է դարձել, որ նյութը, որով լցված են արբանյակի խառնարանները, պարունակում է շուրջ 100 միլիոն տոննա ջուր։