Ս․ Բաբայանի շարժումը շատ հեռավոր ընդհանրություններ ունի Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման հետ


11:51 , 30 հուլիս, 2019

• Արցախյան զարգացումների շուրջ երևանյան էլեկտրոնային մամուլում միակողմանի լուսաբանումներն ու ընտրողական խոսափողատրումներն աստիճանաբար անթույլատրելի չափերի են հասնում՝ ինֆորմացիոն վակուումը լցնելով ինչով պետք է, ոչ թե ինչով որ կա։
• Մասնավոր զրույցներում ինձ շատ են հարցնում Սամվել Բաբայանի կողմից ծավալած շարժման մասին, և հաճախ կարմիր թելի պես անցնում է նրա քայլերի ու անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած դեպքերի միջև զուգահեռները։
• Հարգելինե՛րս, դա տարածված սխալանք է։ Թե՛ որպես քաղաքական հետազոտող, թե՛ որպես «ներսի մարդ»՝ հավատացնում եմ ձեզ, որ Ս․ Բաբայանի շարժումը շատ հեռավոր ընդհանրություններ ունի Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման հետ, և եթե շատ եք ցանկանում զուգահեռներ տանել, ապա Ս․ Բաբայանի շարժումը 2007-2008 թթ․ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումն է։

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 1 – Թեպետ Արցախում անցկացվող սոցիոլոգիական հարցումների մասին հրապարակված ցուցանիշներն առատ չեն, այնուամենայնիվ, «վուլգար սոցիոլոգիայով» էլ ակնհայտ է, որ այստեղի իշխանական վերնախավի և 2018 թ․ գարնան դրությամբ երևանյան իշխանական վերնախավի հանրային հավանության աստիճանները, միանշանակ, նույնը չեն, ինչն արդեն իսկ կարևոր տարբերակիչ գիծ է։

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 2 – Ն․ Փաշինյանին ի վերջո հաջողվեց ապահովել հանրային ամենալայն մոբիլիզացիա՝ ընդգրկելով ամենատարբեր խավեր, տարիքային խմբեր ու աշխարհայացքի տեր մարդկանց։ Բացի այդ՝ Ն․ Փաշինյանի շարժման մեջ շատ դժվար է, եթե չասենք՝ անհնար է, գտնել այդ պահին օտարերկրյա միջամտության հետք։ Ինչ վերաբերում է Ս․ Բաբայանի շարժմանը, ապա դա որոշակի սահմանափակ պրոտեստային և ագրեսիվ ընտրազանգվածին իր շուրջը միավորած մեկ մարդու քինախնդրական պայքար է՝ հանուն վրեժի ու իշխանության (ինչպես և Լ․ Տեր-Պետրոսյանի դեպքում), ավելին՝ ինչպես և Լ․ Տեր-Պետրոսյանի դեպքում (և ի տարբերություն Ն․ Փաշինյանի) հասարակության մի ստվար զանգվածը, որքան էլ ընդունի կամ չընդունի ներկայիս իշխանություններին, միանշանակորեն մերժում է Ս․Բաբայանի վերադարձը՝ նկատելով նաև օտարերկրյա ամենաուղղակի աջակցություն ու ֆինանսավորում այդ ամենի մեջ։

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 3 – Առնվազն սեփական հանրային հայտարարությունների մակարդակում Ն․ Փաշինյանը ձգտում էր պահել իր իսկ հռչակած հանդուրժողականության մթնոլորտը՝ ի տարբերություն Ս․ Բաբայանի, որը 2007-2008 թթ․ Ն․ Փաշինյանի ու Լ․ Տեր-Պետրոսյանի օրինակով մաղձախառն ու սպառնալից տեքստեր է հնչեցնում ներկայիս վերնախավի հանդեպ։

• Կարծում եմ՝ ներքուստ Ս․ Բաբայանն էլ է սա հասկանում, ավելին՝ լավ ճանաչելով այսօրվա ղեկավարներին՝ գիտի, որ պատասխանատվության զգացումը վերջիններիս թույլ չի տալու երկիրը հանձնել բախտախնդիրների քմահաճույքին, ուստի և արդեն այս պահից իր շուրջն է միավորել նաև նախորդ պատերազմի ամենատոկուն մարտիկներին, որոնք կռվից հետո գահավիժել են սոցիալական շերտավորման անդունդը՝ դառնալով հարբեցող, թմրամոլ և, իհարկե, ժանրի կանոններով սրա համար մեղադրել պետությանը։ Այս պահի դրությամբ դեպքերը զարգանում են դեպի «խաղաղ ցուցարարների» ի հայտ գալը, և միայն պետական հանրակարգերի ու լիազոր անձանց վճռականությունը կարող է բոլորիս զերծ պահել ցավալի կորուստներից։