Սերժ Սարգսյանին բանավոր զգուշացրել են


14:08 , 27 հունիս, 2013

Հայկական մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե ինչպես է Լեհաստան կատարած այցի ընթացքում երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին Սերժ Սարգսյանին ասել, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի և չի կարող միաժանակ Ասոցացման համաձայնագիր կնքել Եվրամիության հետ, և լինել Եվրասիական միության կամ Մաքսային միության կազմում: 

Սա ամենևին նորություն չէ: Սրա մասին բազմաթիվ անգամներ հայտարարել են Եվրոպայի տարբեր կալիբրի դիվանագետներ և փորձագետներ: Սակայն, Հայաստանում համառորեն չեն ցանկանում ընդունել այս ամենը և չի բացառվում, որ այդ իսկ պատճառով էլ որոշել են, որ ամեն ինչ պետք է ուղիղ, բաց ճակատով, դեմ առ դեմ ասել Սերժ Սարգսյանին: Այդ հանձնառությունն էլ ստանձնել է Լեհաստանի նախագահը: Այսինքն, ընտրել են Հայաստանի հետ հարաբերություն պարզելու այդ տարբերակը, որպեսզի Հայաստանն այլևս հարցադրումից խուսափելու փորձեր չանի, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը նման փորձեր չանի: Այսինքն, սա էլ իր հերթին նշանակում է, որ Եվրոպայում, այնուհանդերձ, ունեցել են նման մտավախություններ իսկ գուցե և փաստեր, որ Սերժ Սարգսյանը չարաշահում է իր հանդեպ հայտարարված վստահությունն և պարզապես փորձում է ուղղակիորեն խաբել Եվրոպային: 

Նախագահների մակարդակով նման ուղղակի մեսիջը գրեթե ապտակ է այն երկրի համար, որը տարբեր առիթներով հավաստիացնում է Եվրաինտեգրացիայի կուրսին հավատարիմ լինելու, եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու մասին, սակայն չի հասկանում այդ գործընթացում առկա պարզ խնդիրները: Բանն այն է, որ Եվրոպան այդպիսով Սերժ Սարգսյանին ուղղակիորեն սաստում է և, կարելի է ասել, նույնիսկ «դեղին քարտ» ցույց տալիս՝ «մեզ չփորձեք խաբել կամ մատների վրա ֆռռացնել»: 

Սերժ Սարգսյանին Լեհաստանում դեղին քարտ են ցույց տվել կամ նվազագույնը բանավոր զգուշացում արել, սակայն՝ շատ բարձր մակարդակով: Եվ երևի պատահական չէր, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին որոշել էր պատասխանել Եվրոպային և բարձրացնել Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի հստակ գնահատականի խնդիրը: Այսինքն, եթե Եվրոպայում դժգոհում են իրենից, ապա ինքն էլ որոշել է դժգոհել Եվրոպայից, թե ինչու հստակ քաղաքական գնահատական չեն տալիս Հայաստանը շրջափակող և պատերազմով սպառնացող Թուրքիային ու Ադրբեջանին: Թե ինչքանով կօգնի Սերժ Սարգսյանին այս հակադարձումը, դժվար է ասել: Ինչպես հայտնի է, Եվրամիությունը որոշել է վերսկսել Թուրքիայի հետ բանակցությունները: Բրյուսելն, իհարկե, շարունակում է իր վերապահումները, որոնցում սակայն այդքան էլ հստակ չէ Հայաստանի շրջափակման դերը: Մինչդեռ, ակնհայտ է, որ այդ հանգամանքը պետք է դեր ունենա Եվրամիության և Թուրքիայի բանակցություններում, եթե Բրյուսելը զուգահեռաբար Հայաստանի հետ բանակցում է ասոցացման շուրջ: Միևնույն ժամանակ, սակայն, Բրյուսելի մոտ էլ, բնականաբար, կարող են հարցեր առաջանալ, թե ինչու պետք է Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի շրջափակման հարցը դառնա Անկարային առաջադրվող առանցքային պայմաններից մեկը, եթե Հայաստանը մինչև այժմ ոչ միայն չի հստակեցնում իր դիրքորոշումն առարկայական քայլերով՝ խոսքերից բացի, այլ այդ դիրքորոշման խնդիրն ավելի մշուշոտում է: 

Ակնհայտ է, որ Հայաստանի հանդեպ վերջին շրջանի տոտալ ճնշումներն ու շանտաժը Մոսկվայի համար այնքան էլ անարդյունավետ չեն, և Ռուսաստանին հաջողվել է Բրյուսելի և Երևանի միջև առաջ բերել անվստահության լուրջ բաղադրիչներ: Թեև, այստեղ այն դեպքն է, երբ Մոսկվային մեղադրելն իսկապես տեղին չէ, որովհետև այստեղ, իհարկե, Մոսկվան առաջնորդվում է իր շահով, և ամբողջ հարցն այն է, թե ինչքանով է ունակ իր շահով առաջնորդվել Հայաստանը, ընդ որում՝ և՛ իշխանությունների, և՛ հասարակության մասով: