«Ամռան ընթացքում ավելի լավ է երշիկ չուտել». սննդաբան


13:47 , 27 հունիս, 2013

ԱՆ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ յուրաքանչյուր սեզոն ունի իրեն յուրահատուկ սննդակարգը: Ամռանն առատ են մրգերն ու բանջարեղենը, ինչի օգտագործումն առողջարար է օրգանիզմի համար:

Բանախոսն ասաց, որ ամռանը նաև այդ սնունդը պահածոյացնում են, ինչը կարող է հանգեցնել բոտուլիզմի: Խուսափելու լավագույն տարբերակը դրանց անշաքար չորացումը կամ սառեցումն է: 

Ամռանը պետք է սննդակարգում ավելացնել ջրի քանակությունը: Առողջ մարդն օրական պետք է խմի 2.5-3 լիտր ջուր, սրտանոթային, երիկամային խնդիրներ ունեցողները` մինչև մեկ լիտր. «Պետք չէ սպասել մինչև ծարավելը: Առողջ մարդը երբեք ծարավի զգացողություն չի ունենում, այլ օրվա մեջ անընդհատ խմում է ջուր»: 

Ինչ վերաբերում է զովացուցիչ ըմպելիքներին, ապա մասնագետն ասաց, որ դրանք գունավորված են տարբեր նյութերով, հաճախ վնասակար են և օրգանիզմում ջրի ֆունկցիա չեն կատարում։ Հեղուկի քանակը կարելի է մեծացնել այն դեպքերում, երբ մարդն անընդհատ ֆիզիկական աշխատանք է կատարում և մեծ է քրտնարտադրությունը:

Անդրադառնալով սննդային ինֆեկցիաներին և ինֆեկցիոն թունավորումներին՝ բանախոսն ասաց, որ խուսափելու համար պետք է պահպանել սննդակարգը: Եթե կա լուծ և ջերմություն, միանգամից խորհուրդ է տրվում դիմել բժշկի. «Ինֆեկցիա առաջանում է լավ չլվացած մրգերի, հատապտուղների արդյունքում, ուստի պետք է դրանք մանրակրկիտ լվանալ, գուցե տարրական կհնչի, բայց պետք է լվացվել նաև ուտելուց առաջ և հետո, զուգարան գնալուց հետո»:

Քանի որ ամռանը նկատվում է ախորժակի բացակայություն, ուստի մասնագետը խորհուրդ տվեց առավոտյան ճաշը չանտեսել, սնվել թեթև, բայց ժամանակին, մսեղեն քիչ օգտագործել. «Ամռան ընթացքում ավելի լավ է երշիկ չուտել, բայց եթե լսեք խորհուրդս, տարվա ընթացքում էլ չեք ուտի: Խուսափեք նաև յուղոտ սննդից, հատկապես՝ ցերեկվա ժամերին»:

Քնելուց առաջ նա խորհուրդ տվեց օգտագործել մածուն կամ կեֆիր: