Երևանում մի շարք թռչնատեսակներ ոչնչացման եզրին են


13:44 , 27 հունիս, 2013

Սողունաբան, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակաղմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Արամ Աղասյանի հավաստմամբ` Երևան քաղաքում վերջին տարիների շինարարական աշխատանքները հանգեցրել են էկոհամակարգի փոփոխության: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց, որ վերջին շրջանում անընդհատ խոսվում է օձերի թվաքանակի շատացման մասին, սակայն այդպես չէ. «Շինարարության պատճառով օձերը կորցնում են իրենց բնակավայրերը և մարդկանց հետ հանդիպումները շատանում են: Այս երևույթները կնկատվեն դեռևս երկու-երեք տարի»:

Նա նաև նշեց, որ Երևանում սողունների առկայության պատճառը կերի բազայի առկայությունն է և բնակության վայրերի շատացումը: Ինչ վերաբերում է թունավոր օձերին, ապա Երևանում միայն գյուրզա է հանդիպում, որը կա ինչպես Հրազդանի կիրճում, այնպես էլ Հաղթանակի այգում և դեպի Սովետաշեն` Էրեբունիում:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն էլ հավելեց, որ Երևանում, բացի օձերի խնդրից, ունենք նաև թռչնատեսակների կորուստ. «Մանգաղաթևերի թվաքանակի պակաս ունենք: Այդ թռչունները օդի մեջ որսում են տարբեր միջատների, և պակասը բերել է նրան, որ օդի մեջ շատացել են մոծակներն ու մլակները»: 

Բանախոսն ասաց, որ ըստ վերջին ուսումնասիրությունների` Երևանում երաշտահավերի մի քանի տեսակի կորուստ է գրանցվել, պակասել է ամուրիկների, անտառային կաչաղակի, սոսնձակեռնեխի, եղեգնաթռչնակի, սովորական սոխակի և այլ թռչունների քանակը. «Այս թռչունների մի մասը Դալմայի այգիներում էին, մյուս մասը` քաղաքը շրջապատող այլ տարածքներում: Ծառահատման արդյունքում դրանք հիմա ոչնչացման եզրին են, և դա միայն աննորմալ քաղաքաշինության արդյունք է»: