Նորապսակները նվերների փոխարեն հյուրերին խնդրել են օգնել դպրոցին


03:44 , 29 հուլիս, 2019

Ամերիկյան Ֆլորիդա նահանգից նորապսակները որոշել են իրենց հարսանիքն արտասովոր ձեւով նշել․ նրանք հարսանիքին հրավիրված հյուրերին խնդրել են նվերների փոխարեն բերել դպրոցի համար անհրաժեշտ իրեր, հաղորդում է Fox News-ը։

Մեթ եւ Քելի Քեմերոններն իրենց ընկերներին եւ հարազատներին խնդրել են աջակցել 70 աշակերտ ունեցող դպրոցին:

«Մենք քիչ կարիքներ ունեինք, կարող էինք ձեռք բերել անհրաժեշտ ամեն ինչ։ Մենք սկսեցինք մտածել որեւէ բարեգործական նախաձեռնության մասին, եւ լինելով ուսուցիչ՝ ինձ շատ դուր եկավ դպրոցին օգնելու գաղափարը»,-պատմել է Քելին WTVT հեռուստաալիքին։

Նա յոթ տարի աշխատել էր որպես ուսուցիչ եւ պատկերացնում էր, թե ինչով կարելի է օգնել դպրոցին։ Եւ ահա հունիսին՝ Քելիի եւ Մեթի պսակադրության օրը, հյուրերից յուրաքանչյուրը նվերի փոխարեն բերել էր մեկական պայուսակ՝ դպրոցի եւ աշակերտների համար անհրաժեշտ իրերով։