Արցախցի ռազմական փորձագետը վերլուծում է Բաքվի զինվորական շքերթը


14:00 , 27 հունիս, 2013

Վերջին տարիներին Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը հունիսի 26-ը՝ ադրբեջանական բանակի օրը, սկսել է դիտարկել որպես ողջ աշխարհին ու հատկապես երկու հայկական հանրապետություններին նավթադոլարների առատ հոսքի հետևանքով առաջին հայացքից բավականին մարզված մկանները ցուցադրելու հարմար առիթ:

Բանակի օրվա նախօրեին անգամ մոռացվում են լուրջ տարաձայնությունները մեծ հյուսիսային հարևանի հետ, հապշտապ կնքվում են պայմանագրեր սպառազինության և ռազմական տեխնիկայի՝ ադրբեջանական բանակի համար նոր նմուշների մատակարարման վերաբերյալ ու տենդագին շտապողականությամբ իրականացվում է դրանց ներկրումն Ադրբեջան, միայն թե հունիսի 26-ին նոր զինատեսակները հասցնեն գերագույն գլխավոր հրամանատարի խոժոռված հայացքի ներքո անցնել «Ազադլիգ » հրապարակով: Իսկ գերագույն գլխավոր հրամանատարի ելույթը խտացնում է ադրբեջանական ազգային մտածելակերպին հատուկ բոլոր հատկանիշներն ու առասպելները:

«Տ-90 » տանկերի ու «Սոլնցեպեկ» հրանետների շարքին հետևող Իլհամ Ալիևը, ինչպես և իր ազգակիցների մեծ մասը, բոլորովին զուրկ է պատմական հիշողությունից. ով ով, բայց Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտը պետք է որ իմանա՝ պատմությունն ունի կրկնվելու՝ պարուրաձև զարգացման հատկություն, և պատմության դասերը հաշվի չառնող պետական գործիչը այդ կրկնվող պատմության պարույրներից մեկում անխուսափելիորեն կանգնում է անցյալի՝ մղձավանջի պես հարություն առած ծանր փորձությունները հաղթահարելու անհրաժեշտության առջև:

ԽՍՀՄ փլուզումից հետո երբեք ուժերի հարաբերակցությունը չի եղել hօգուտ Ադրբեջանի այնքան, որքան արցախյան ազատամարտի տարիներին: Ինչ բերեց այդ գերազանցությունը Ադրբեջանին՝ մեծ գաղտնիք չէ, բավական է նայել ԼՂՀ քարտեզին` հասկանալու համար, թե անցյալ պատերազմում ինչ իրական արժեք է ունեցել ադրբեջանական տանկերի ու հրանոթների քանակը: Պատմական հիշողության բացակայությունն էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և ժողովրդի մոտ ձևավորում է մի շարք վտանգավոր առասպելներ:

Առաջին` ժամանակն աշխատում է հօգուտ Ադրբեջանի՝ ուժեղացնելով նրան, իսկ Հայաստանը աստիճանաբար թուլանում է:

Ադրբեջանցիները համոզված են, որ Կասպիցի ավազանի նավթային դաշտերում է անհրաժեշտ որոնել իրենց առջև ծառացած բոլոր խնդիրներ լուծումը, մոռանալով , որ նավթի գները ունեն երբեմն դեպի նվազումը փոփոխվելու բավականին տհաճ հատկություն, ինչը նավթային մեծ պաշարներ ունեցող ոչ քիչ պետությունների է հասցրել սնանկացման: Հայաստանը անգամ տնտեսական դաժան շրջափակման պայմաններում զարգացնում է իր տնտեսությունը՝ Ադրբեջանի չափ կախվածության մեջ չլինելով արտաքին գործոններից:

Երկրորդ` սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները կարող են բերել վճռորոշ ռազմական գերազանցության և ապագա պատերազմում ապահովել Ադրբեջանի հաղթանակը:

Ադրբեջանցիները հերթական անգամ չեն ցանկանում հաշվի առնել արցախյան պատերազմի դասերը, իսկ մասնագետի մի հայացքը ադրբեջանական զորահանդեսին բավական է հասկանալու համար, որ ադրբեջանական բանակը բնավ չի փայլում բարձր մարտունակությամբ: Շարքում ցածր կարգապահությունը, շարային պատրաստության ցածր մակարդակը վատ զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական աղետալի վիճակի առաջին ախտանիշներն են, իսկ ադրբեջանցիների մարտունակությունն ավելի իրատեսորեն գնահատելու համար բավական է ուսունասիրել ոչ մարտական կորուստների՝ քանակի առումով պատերազմական ամփոփագիր հիշեցնող տեղեկագիրը:

Ադրբեջանցիները հաշվի չեն առնում մի կարևորագույն հանգամանք ևս. ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի տարբերություն այդ տարիներին անվտանգ Մոսկվայում դասավանդող ապագա գահաժառանգ Ի. Ալիևի, անմիջականորեն ղեկավարել է արցախյան ազատամարտը և , հիանալիորեն հասկանալով հավանական մարտահրավերներն ու ռիսկերը, կարողանում է հաջողությամբ չեզոքացնել դրանք ՝ ծախսելով անհամեմատ ավելի քիչ նյութական միջոցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ