Ջոնսոնի պատճառով Լարրի կատվին հնարավոր է՝ դուրս անեն վարչապետի սենյակից


06:41 , 27 հուլիս, 2019

Հայտնի կատուն արդեն հասցրել է ապրել թագավորության առնվազն 2 վարչապետերի հետ: Վարչապետ նշանակվելուց հետո Բորիս Ջոնսոնն առաջին հերթին վարչակարզմի անդամներին հարցրել է, թե չարժի՞ արդյոք շուն պահել: Այս մասին պատմել են Դաունինգ-սթրիթին մոտ կանգնած աղբյուրները:

Եթե բրիտանական կառավարության նոր ղեկավարն իրոք նման նպատակներ ունի, ապա Լարրի կատուն լուրջ խնդիրներ կունենա: Այս մասին գրում է Daily Star-ը՝ հիշեցնելով, որ հայտնի կատուն աշխատում է Դաունինգ-սթրիթ 10-ում, ինչպես նաեւ զբաղեցնում է բրիտանական կառավարության գլխավոր մուկ բռնողի պաշտոնը: Լարրին նրանցից չէ, ով մրցակիցներ է հանդուրժում: Դևիդ Քեմերոնի վարչապետության ժամանակ նա բախումներ է ունեցել ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի Ֆրեյա կատվի հետ: Դրանից բացի՝ նա երկարատեւ մրցակցության մեջ էր արտաքին գործերի նախարարության գլխավոր մուկ բռնողի՝ Պալմերստոնի հետ: Բախումներից մեկի ժամանակ Լարրին կորցրել է իր օձիքը, իսկ Պալմերսոնը ստիպված էր բուժել վնասված ականջը եւ քերծվածքները:

Կատուների միջեւ կոնֆլիկտը հասավ եռման կետին, եւ նրանց մասին հարցը դրվեց Լորդերի պալատում, որտեղ քննարկվեց, թե ինչու կառավարությունը չի վճարում Լարրիի անասնաբուժական ծախսերը: Հայտնի կատուն իր պաշտոնին է նշանակվել 2011-ին: Աղբյուրները նշել են, որ կատվի վերջնական վտարման մասին դեռ որոշում չկա: