Ինքնաթիռում ուղևորներին ստիպել են վճարել ջրի համար 30 աստիճան շոգի պայմաններում


03:42 , 26 հուլիս, 2019

Ryanair ավիաընկերությունն ուղևորներին պարտավորեցրել է վճարել ջրի համար, որոնք նրանք ստացել են չվերթի հետաձգման ժամանակ 30 աստիճան շոգին, գրում է Metro-ն:

Ուղևորներից մեկը՝ Սթիվեն Ռամսին, Facebook-ի իր էջում պատմել է, որ իր չվերթը հետաձգվել է մոտավորապես երկու ժամ 30 աստիճանի պայմաններում:

Մոտ 90 րոպե անց բորտուղեկցորդները սկսել են ջուր առաջարկել՝ շիշը՝ երեք եվրոյով: Ռամսին աշխատակազմին ասել է, որ, հաշվի առնելով հանգամանքները, ջուրը պետք է անվճար լինի, ինչին, ի պատասխան, բորտուղեկցորդուհին ասել է, որ դա չի համապատասխանում ընկերության քաղաքականությանը:

«Անձնակազմը շատ պրոֆեսիոնալ և բարյացկամ էր, բայց ոչինչ անել չէր կարող: Նրանք նույնպես ստիպված էին վճարել լրացուցիչ ջրի համար»,- գրել է տղամարդը: Նա կարծում է, որ ընկերությունները չպետք է շահույթ ստանան մարդկանց հիմնական կարիքներից:

Շատ օգտատերեր արձագանքել են հրապարակմանը և նշել, որ այլևս չեն օգտվի Ryanair-ի ծառայություններից:

Ընկերությունը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը: