Նախապատրասական գործողություններ
1. Չխառնվել, հանգստացեք․ ցայտնոտը դեռ ոչ ոքի չի օգնել։
2. Համացանցում մի փորձեք ստանալ Ձեր հարցերի պատասխաննեը, տեղեկատվական աղբի մեջ դժվար է կողմնորոշվել։
3. Մոռացեք քիչ առաջ Ձեր կարդացածները համացանցից։ Հուսամ՝ մյուս կետերին կլինեք առավել հետևողական։
ՀՀ-ում առավել հաճախ տարածված են Ixodidae-ի ընտանիքի տզերը: Մաշկի մեջ խրված տիզն ունի հաճախ սև շագանակագույն գունավորում եւ 8 ոտք: Խայթոցի տարածքը կարող է դառնալ կարմրավուն։
Ամենայն հավանականությամբ, Դուք չեք էլ զգացել տզի խայթոցի որևէ ախտանիշ: Ինչպես արյունածուծ այլ մակաբույծների, տզերի խայթոցը ևս անցավ է։
Հաճախ տզերը հայտնաբերվում են մարմնի բաց տեղամասերում՝ մազերի աճի սահմաններում, ականջների ետեւում կամ մաշկի ծալքերում: Միեւնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է հասկանալ՝ դա տիզ է, թե ոչ․ կարող եք շփոթել խալի կամ չորացած արյան հետ: Ուշադիր եղեք, տզի ոտքերը հստակ տեսանելի են:
Հեռացրեք տիզն այն հայտնաբերելուց անմիջապես հետո: Որքան քիչ ժամանակ է տիզը եղել մաշկում, այնքան քիչ է հնարավոր հիվանդանալ:
Բռնեք տզին մաշկի մակերեսին հնարավորինս մոտ: Արտասահմանյան հանձնարարականներում խորհուրդ է տրվում օգտագործել փոքր պինցետ, բայց կարող եք վերցնել թել կամ տիզ հեռացնող հատուկ հարմարանք եւ նույնիսկ ուղղակի բռնել մատներով՝ ձեռնոցով կամ մատներին բինտ փաթատած:
Դանդաղ եւ սահուն կերպով քաշեք տիզը: Պետք չէ սեղմել ամբողջ ուժով, պտտել եւ կտրուկ շարժումներ անել․ այդկերպ կճզմեք տզին կամ կհեռացնեք ոչ ամբողջությամբ։ Եթե գլխիկը պոկվեց, ապա վարվեք ինչպես սովորական փշի հետ․ հեռացրեք մաշկից ստերիլ ասեղի օգնությամբ։
Լվացեք խայթոցի տեղը օճառով եւ ջրով: Հնարավորության դեպքում լրացուցիչ ախտահանեք սպիրտով:
Տզերի խայթոցները մեծամասամբ անցնում են առանց հետեւանքների: Հիվանդություն ձեռք բերելու ռիսկը կախված է նրանից, թե որքան ժամանակ է անցել խայթելուց հետո: Դուք կարող եք կողմնորոշվել տզի չափից եւ ձևից:
Չսնված տզերի չափը կախված է նրանց տարիքից, իսկ խայթում են թե՛ սեռահասուն առանձնյակները, թե՛ նիմֆաները, որոնց երկարությունը մոտ 1,5 մմ է։ Սեռահասուն առանձնյակների երկարությունը 6 մմ է։ Չսնված տզերի փորիկը հարթ է, չոր եւ պինդ, դժվար է ճզմել:
Օրվա ընթացքում սնված նիմֆայի չափը շատ չի փոխվում: Սեռահասուն առանձնյակները կարող են աճել մինչեւ 15 մմ: Սնված տզի փորիկի ձեւը փոխվում է, դառնում է կլոր եւ փափուկ, հեշտ է ճզմվում:
Եթե տիզը գտնվել է մաշկում մեկ օրից քիչ, ապա հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը փոքր է, եւ անիմաստ է շտապ կարգով դիմել բժշկի: Խայթոցից անմիջապես հետո փոխանցվում է միայն մեկ հիվանդություն` տզային էնցեֆալիտ: Եթե խայթել է էնցեֆալիտային տիզը, ապա կանխարգելել հիվանդության զարգացումը անհնար է, եթե, իհարկե, նախորոք պատվաստված չեք եղել։ Բարեբախտաբար, ՀՀ-ում դրանք չեն հանդիպում։
Եթե տիզը գտնվել է մաշկում մեկ օրից ավելի, ապա մեծացնում է Լայմի հիվանդության (բորրելիոզի) եւ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը, ընդ որում՝ մեկ տիզը կարող է միանգամից մի քանի հիվանդությունների փոխանցող լինել: Այս հիվանդությունների դեմ պատվաստանյութ չկա:
Վարակումը կանխելու հավանականություն կա միայն Լայմի հիվանդության համար, բժիշկը կարող է նշանակել դոքսիցիկլին: Առանց բժշկի հետ խորհրդակցելու ինքնուրույն հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի։
Այսպիսով՝ խայթոցից հետո, սկզբունքորեն, մնում է միայն սպասել և հսկել: 30 օր ուշադիր հետևեք ինքնազգացողությանը և, որքան հնարավոր է, շուտ դիմեք բժշկի, եթե այդ ընթացքում առկա է․
1. ջերմաստիճանի բարձրացում՝ 38°C-ից բարձր,
2. գլխացավ,
3. մկանների կամ հոդերի շրջանում այտուց և ցավ,
4. մաշկի վրա առկա է ցանավորում կամ օղակաձև էրիթեմա, քոր։
Այս դեպքերում նոր միայն անհրաժեշտություն կա համապատասխան լաբորատոր հետազոտությունների և, ըստ այդմ, բուժման։
Մեծ ցանկության դեպքում տիզը կարող եք տանել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր կենտրոն, սակայն տզի լաբորատոր հետազոտությունների արդյունքները որևէ կերպ չեն ազդում ախտորոշման հստակեցման կամ առավել նպատակային բուժման համար։
1. Եթե Ձեր կամ Ձեր երեխայի վրա հայտնաբերել եք տիզ, հնարավորինս շուտ հեռացրեք այն, քանի դեռ վարակման ռիսկը փոքր է:
2. Վազել հիվանդանոց կամ անհետաձգելի բուժօգնություն կանչել անհրաժեշտ չէ: Բավարար է ամուր բռնել տզին գլխից և նրբորեն քաշել այն, առանց պտտելու:
3. Մեկ ամիս հետևեք Ձեր ինքնազգացողությանը։ Տենդի, գլխացավի, մկաններում ցավի, այտուցի, ցանի և քորի դեպքում դիմեք բժշկի:
4. Պատվաստումները միայն պաշտպանում են տզային էնցեֆալիտից, այլ «տզային հիվանդությունների» համար դեռ պատվաստանյութեր չկան: Խայթոցից հետո պատվաստվելն անօգուտ է։
5. Տզին տանել հետազոտման պարտադիր չէ։ Դա չի կանխարգելի վարակումը և ոչ էլ կօգնի ախտորոշմանը և շուտափույթ բուժմանը։