Նրանք ցանկանում են ինձ սպանել. Մայքլ Ջեքսոնի որդին մեջբերել է հոր խոսքերը


14:35 , 27 հունիս, 2013



Մայքլ Ջեքսոնը խիստ ընկճվել է և անգամ լաց է եղել իր համերգների կազմակերպիչ AEG Live կազմակերպության ղեկավարների հետ շփումից հետո: Այս մասին հայտարարել է Մայքլ Ջեքսոնի որդին` Պրինց Մայքլը, դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում է Մայքլ Ջեքսոնի ընտանիքի հայցը AEG Live կազմակերպության դեմ:

«Հեռախոսային զրույցից հետո  նա լաց է եղել: Նա ասում էր. «Նրանք ցանկանում են ինձ սպանել, նրանք կսպանեն ինձ»,- նշել է Պրինցը և ավելացրել, որ դա տեղի է ունեցել իր հոր և կազմակերպության ղեկավար Ռենդի Ֆիլիպսի հետ զրույցից հետո: Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը:

Պրինց Ջեքսոնը ինչպես նաև պատմել է այն դիպվածի մասին, երբ Ֆիլիպսը Ջեքսոնի մահվան նախօրեին` հունիսի 23-24, այցելել է երգչի առանձնատուն և շատ կոպիտ խոսել վերջինիս բժիշկ Քոնրադ Մյուրեի հետ: Միաժամանակ Պրինցը նշել է, որ չի լսել` ինչի մասին են նրանք զրուցել: Անձամբ Մայքլը այդ ժամանակ տանը չի եղել, նա եղել է իր կյանքի վերջին համերգային փորձին:

Պրինցը նաև պատմել է հոր մահվան պահի մասին: Այն մասին, թե ինչպես է տեսել հորը անկողնուց կախված վիճակում, և թե ինչպես է Մյուրեյը ջանասիրաբար փորձել նրան վերադարձնել կյանք: Հետագայում Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկը նրանց ասել է. «Կներեք, երեխաներ, սակայն ձեր հայրը մահացել է»:

Կազմակերպության ղեկավարները հայտարարում են, որ 12-ամյա տղան չի կարող հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում: Կազմակերպության իրավապաշտպանները փորձում են տղայի վկայությունները ներկայացնել որպես երևակայություն: