Ո՞վ է օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության պատվիրատուն. Վալերիյ Օսիպյանը խոստացել է մանրամասներ հայտնել


15:33 , 24 հուլիս, 2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կտրականապես հերքում է, թե ոստիկանությունը, որը հեղափոխությունից հետո քրեական հեղինակություններ էր բռնում ու բաց թողնում, այժմ չի տիրապետում իրավիճակին, անգամ օրենքով գողի սպանություն տեղի ունեցավ։

«Անընդունելի եմ համարում այն, որ դուք ասում եք՝ ոստիկանությունը չի տիրապետում։ Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է, բոլոր ժամանակներում էլ եղել են նման դեպքեր, բոլոր ոստիկանապետերի, բոլոր իշխանությունների ժամանակ եղել են նման դեպքեր։ Հանցագործությունն այնպիսի երևույթ է, որ հնարավոր չէ՝ մեր առօրյայից իսպառ վերանա»,- ասաց Վ. Օսիպյանը։

Անդրադառնալով օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությանը՝ ոստիկանապետը փակագծերը չբացեց, բայց հայտարարեց, որ շուտով հանրությանը կներկայացնեն այս դեպքի հետ կապված իրենց բոլոր հաջողությունները.

«Մենք տիրապետում ենք ամեն ինչին։ Ոստիկանությունը լռում է՝ ելնելով իրավիճակից։ Հանցագործություններ, հանցատեսակներ, դեպքեր կան, որոնք բացահայտման համար ժամանակ են պահանջում»։

Վ. Օսիպյանն օրինակ բերեց, որ երեկ բացահայտել են բնակարանային գողության դեպք, որ կատարվել է 1997 թվականին. «Պատկերացնո՞ւմ եք, 22 տարի առաջ բնակարանային գողություն է կատարվել և երեկ բացահայտել ենք։ Այսինքն՝ յուրաքանչյուր դեպք ունի իր հասունացման շրջանը ու բացահայտման պահը»։

Օսիպյանը հայտարարեց, որ սպանությունը պատվիրված է, կա կատարող, պատվիրատու. «Այսքանը»։

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում քրեական հեղինակություններին բերման ենթարկելն ու ազատ արձակելը, Օսիպյանը նշեց, որ ոստիկանության գործառույթներից թիվ մեկ կարևոր գործառույթն է պրոֆիլակտիկան, որը ոստիկանությունը մշտապես իրականացնում է և իրականացնելու է։