Թրամփը հանրապետականների հետ քննարկել է Թուրքիայի հարցը


15:30 , 24 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է հանրապետական սենատորների հետ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիային վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում Ռուսաստանից գնված Ս-400 ՀՕՊ համակարգերը. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպմանը մասնակցել են 45 սենատորներ: Այն անցկացվել է փակ դռների ետևում: Հաղորդվում է, որ քննարկվել է Թուրքիայի նկատմամբ «Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենքի (CAATSA) կիրառման հարցը:

Ըստ այլ աղբյուրների` նշվում է, որ Թրամփը վիճաբանություն է ունեցել սենատորներից մեկի հետ:

Նշենք նաև, որ ըստ միջազգային և թուրքական մամուլի, Թրամփը կողմնակից չէ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն և բազմիցս հայտարարել է, որ այս իրավիճակի միակ մեղավորը նախկին նախագահ Բարաք Օբաման է, ով ժամանակին հրաժարվել է Թուրքիային վաճառել «Պատրիոտ» ՀՕՊ համակարգերը, ինչից հետո Թուրքիան սկսել էր Ռուսաստանի հետ Ս-400-ներ ձեռք բերելու բանակցությունները: