Հայաստանից ՌԴ ներգաղթողների ոչ միայն աճ չկա, այլև նվազում կա. Միգրացիոն ծառայություն


17:30 , 23 հուլիս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Ռուսական «Իզվեստիա»-ն հրապարակել է հետազոտություն, որի համաձայն՝ 2019 թ-ի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՌԴ ներգաղթյալների թիվն աճել է:

Նշվում է, որ առաջին ամիսներին բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազար: 2018 թ-ին նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 51,7 հազար: Ըստ հետազոտության արդյունքների՝ ավելացել է հատկապես Հայաստանից և Ուկրաինայից ժամանող ներգաղթյալների թիվը:

ՀՀ միգրացիոն ծառայությունից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք տվյալ հետազոտության արդյունքները հավաստի են, թե՞ ոչ:

Միգրացիոն ծառայությունից SHANTNEWS.am-ին ներկայացրեցին Ռուսաստանի ՆԳՆ վիճակագրության տվյալները.

«2017թ հունվար-հունիս ամիսներին ՌԴ է մեկնել 316 հազար 500 քաղաքացի, 2018թ-ին 326 հազար 600, իսկ 2019թ-ին 303 հազար 800 քաղաքացի, կարող ենք տեսնել, որ ոչ միայն աճ չկա, այլև նվազում կա»,- մեզ հետ զրույցում ասաց ծառայության մամուլի պատասխանատու Նելլի Դավթյանը:

Նա նաև ներկայացրեց աշխատանքի հիմքով հաշվառված ՀՀ քաղաքացիների տվյալները, այս առումով ևս նվազում կա.

«2017 թ-ի առաջին կիսամյակում հաշվառվել է 115 հազար 800 ՀՀ քաղաքացի, 2018 թ-ին նույն ժամանակահատվածում եղել է նույն հոսքը, իսկ 2019 թ-ի առաջին կիսամյակի ընթացքում ՌԴ-ում աշխատանքի հիմքով հաշվառվել է 106 հազար 600 ՀՀ քաղաքացի»:

Հարցին՝ արդյո՞ք Միգրացիոն ծառայությունը հերքում է մամուլում տարածված տեղեկություններն առ այն, որ ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների հոսքն աճել է, Նելլի Դավթյանն ասաց.

«Միգրացիոն շարժը հաշվելու տարբեր մեթոդոլոգիաներ կան, մենք ուղղակի տալիս ենք ռուսական աղբյուրների ամենապաշտոնական տվյալները՝ հետևությունները և համեմատությունները թողնելով քաղաքացիներին: Շրջանառվում են կարճ նյութեր, և պարզ չէ, թե ինչ մեթոդոլոգիայով են դրանք հաշվարկվել: Այդ ամենն այդքան հեշտ չէ, մեր հանրապետության ներսում էլ լինում է, որ թվերը չեն համապատասխանում»:

Միգրացիոն ծառայությունից նշեցին, որ իրենց համար հավաստի է ոչ թե առանձին հետազոտությունը, այլ վարչական վիճակագրության տվյալները: