Լոնդոնը Թեհրանի հետ առճակատման չի ձգտում. Հանթ


22:40 , 23 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Լոնդոնը Թեհրանի հետ առճակատման չի ձգտում: Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը. տեղեկացնում է BBC-ն:

«Մենք չենք ձգտում առճակատվել Իրանի հետ, մենք փնտրում ենք տարաձայնությունները հարթելու հնարավոր բոլոր ձեւերը: Սակայն Մեծ Բրիտանիան ստիպված կլինի արձագանքել Իրանի գործողություններին՝ պահպանելով իր շահերը»,-ասել է Հանթը՝ հավելելով. «Եթե Իրանը մնա նույն վտանգավոր ճանապարհին, պետք է հասկանա, որ դրա գինը երկրի ափերի մոտ ավելի մեծ ռազմական ներկայությունը կլինի: Ոչ թե նրա համար, որ մենք ցանկանում ենք մեծացնել լարվածությունը, այլ նրա համար, որ նավագնացության ազատությունը սկզբունք է, որը Մեծ Բրիտանիան ու նրա դաշնակիցները միշտ կպահպանեն»:

Հանթը, որի ելույթը խորհրդարանում հաջորդել էր Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ նիստին, տեղեկացրել է, որ Լոնդոնը ցանկանում է եվրոպական երկրների մասնակցությամբ ստեղծել «պաշտպանական ուժ», որը կերաշխավորի առեւտրական նավերի անվտանգ երթեւեկությունը Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում: Նա չի բացառել ԱՄՆ ռազմածովային ուժերի մասնակցությունն այդ գործողությանը, սակայն ընդգծել է, որ այդ գործողությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության բաղադրիչ մասը չէ: