Հայոց լեզվի «դասեր»


09:41 , 27 հունիս, 2013

Աջ ու ձախ համատարած կլսես «կրկնՎում եմ», «չեմ ուզում կրկնՎել» և էլի նմանատիպ արտահայտություններ: Անգամ ամենաբարձր հարթակներից, անգամ լրագրողների ու մտավորականների շրջանակներում: 
Ու շատ եմ ուզում տեսնել, թե ինչպես են կրկնՎում: Երբեք կլոնավորման գործընթացի ներկա չեմ եղել :) )))
Հարգելիներս, սովորեք կիրառել «կրկնել» բառը: Ձեր խոսքը կարող է կրկին հնչել՝ կրկնՎել, այլ ոչ թե դուք: Դրա համար պետք է ընդամենն արտասանել «կրկնում եմ», «չեմ ուզում կրկնել» և այլն:

***

Տեսնես ի՞նչ մտքով է իր տուն այցելած հյուրին մարդն առաջարկում հանվել ...
Հարգելիներս, եթե որևէ հետին միտք չկա՝ հյուրին առաջարկեք ոչ թե հանվել, այլ հանել կոնկրետ վերնազգեստը (օրինակ՝ վերարկու, պիջակ և այլն):

***

Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանում չկա մեկը, ով այնքան գիտաֆանտաստիկա սիրի, որքան ես: Քիչ առաջ զրուցում էի ՖԲ-յան ընկերներիցս մեկի հետ, ով մի բան հուշեց, որից հետո իմ ողջ «գիտաֆանտաստիկ» ներաշխարհը փլուզվեց...
Պարզվում է, որ հայության մեջ ոչ միայն ֆանտաստիկա սիրողներն են շատ, այլև ֆանտաստիկ լեզվամտածողություն ունեցողները: Ահավասիկ.
- Ապեր (կամ՝ քուր), արի համարներով փոխանակվենք:

Հիմա փորձում եմ այդ տեսարանը պատկերացնել: Վերոնշյալ երկուսը, ձեռքի շարժական հեռախոսներով զանգում են իրար և ... տեղերով փոխվում: Այսինքն՝ փոխանակՎում են: 
Ահա՛ և հայկական հրաշք՝ տեղաշարժ ժամանակի և տարածության մեջ: Ժամանակի մեքենա՜, ժամանակի մեքենա՜ ... հայերին պետք չի ժամանակի մեքենա: Առանց դրա էլ հայերը կարողանում են փոխանակՎեն ... :) ))))
-------
Հ.Գ. Ում այս հեռանկարը վախեցնում է, առաջարկում եմ, որ հետայսու ոչ թե «համարներով փոխանակՎեն», այլ՝ «համարները փոխանակեն կամ համարները փոխանցեն միմյանց»:

***

Ես չեմ սիրում Սևանում լողանալ: Ինչու՞: Որովհետև կարիք չկա լողանալու համար առնվազն 60-70 կմ ճանապարհ կտրել և բացի այդ՝ օճառով աղտոտել կապուտաչյա մեր լիճը: Մարդկությունը, իր ծուլությանը տուրք տալով, հենց իր բնակարանում ստեղծել է լողանալու բարենպաստ պայմաններ, որն անվանում ենք բաղնիք կամ լողասենյակ:
Բայց շատ եմ սիրում Սևանում և այլ բնական ու «անբնական» մաքուր լողավազաններում լողալ (վերջիվերջո 12 տարի լողորդ եմ եղել :) ))) ) ...