Էլեկտրասյունը թեքվել է. բնակիչները բողոքում են (Photo)


19:30 , 22 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի Սաքոյի փողոցի բնակիչները դիմել են «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն։ 

Բնակիչների խոսքով՝ վտանգ կա․ որ էլեկտրասյուներից մեկը կարող է ընկնել։ 

«Վախենալու է անգամ տակով անցնել։ Պարբերաբար դիմել ենք խնդրի լուծման համար, սակայն մինչև հիմա որևէ արձագանք չի եղել։ Սյունն այնքան է թեքվել, որ ամեն պահի կարող է ընկնել։ Եթե դա լինի, ապա շատ տներում լույս չի լինելու, որովհետև դա է գլխավոր էլեկտրասյունը»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։ 

«Հրապարակի» հետ զրույցում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը նշեց, որ խնդիրն այդքան էլ իրենց լիազորությունների շրջանակում չէ․ «Սա մեր լիազորություններից դուրս համարվող խնդիր է, քանի որ նմանատիպ հարցերի լիազորությունները պատկանում են մեր գործընկեր ՀԵՑ-ին։ Քանի որ մենք ամեն տարածքում ունենք տեսուչ, բոլոր խնդիրներից տեղյակ ենք։ Թեկուզ վայբերով կամ այլ միջոցներով մենք նկարում և ուղարկում ենք ՀԵՑ-ին, որպեսզի տեղյակ լինեն ցանկացած խնդրի մասին։ Սրանից ավել վարչական շրջանը չի կարող նման հարցերին լուծումներ տալ»։ 

Փորձեցինք կապ հաստատել նաև ՀԵՑ-ի հետ, սակայն չստացվեց։