Էթնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը


17:05 , 20 հուլիս, 2019

Իտալական Սիցիլիա կղզում գտնվող Էթնա հրաբխի ակտիվության ուժեղացման պատճառով լուրջ խոչընդոտներ են առաջացել Կատանիա քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքներում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրաբխից հուլիսի 19-ի գիշերը մոխրի նոր ժայթքման պատճառով փակվել է Կատանիայի, ինչպես նաև Ռագուզա քաղաքի օդային տարածքը: Միառժամանակ դադարել է նաև Ռագուզա քաղաքին մոտ գտնվող Կոմիզո օդանավակայանի աշխատանքը: Միայն հուլիսի 20-ի վաղ առավոտյան օդանավակայաններում թույլատրվել են թռիչքները:

Էթնան համարվում է Եվրոպայում ամենաբարձր գործող հրաբուխը: 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման պատճառով վիրավորվել էր 10 մարդ: